Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի որոշմամբ
Մառնեուլիի քաղաքապետարանի երկու աշխատակիցների աշխատավարձը
բարձրացվել է։
Այսօր՝ մարտի 12-ին կայացած ավագանու նիստում քաղաքապետարանի
աշխատակիցների աշխատավարձերի և գործակիցների (կոեֆիցիենտների)
բարձրացման հետ կապված հարցերը ներկայացրել է քաղաքապետարանի վարչական
ծառայության ղեկավար Մամուկա Շուբիթիձեն։
Շուբիթիձեի պարզաբանմամբ՝ մի դեպքում քաղաքապետարանի աշխատակցի
աշխատավարձը կավելանա մոտ 300–350 լարիով, իսկ մյուս դեպքում
աշխատակցի գործակիցը կավելանա 2.5 միավորով, ինչը իր հերթին կհանգեցնի
աշխատավարձի
բարձրացման։
«
Փոփոխությունը նախատեսված է ճարտարապետության բաժնի
աշխատակիցներից մեկի համար։ Ինչպես գիտեք, տարածական պլանավորման
մասին օրենքում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն ամբողջ
գործավարությունը անցել է ամբողջությամբ էլեկտրոնային ձևաչափի։ Դա
վերաբերում է թե՛ շինարարության թույլտվություններին, թե՛
շինարարության հետ կապված համաձայնություններին։ Հետևաբար այն
աշխատակցի աշխատանքային պարտականությունները, ով զբաղվում էր այս
գործընթացներով, ավելացել են, և նրա մոտիվացիան բարձրացնելու նպատակով
առաջարկվել է աշխատավարձի բարձրացում՝ մոտ 300–350 լարիով»,
— հայտարարել է Մամուկա Շուբիթիձեն։
Երկրորդ փոփոխության համաձայն՝ աշխատավարձը բարձրացվում է
քաղաքապետարանի PR-ի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարի
համար։ Մամուկա Շուբիթիձեի խոսքով՝ այդ բաժնի ղեկավարը հաճախ ստիպված
է աշխատել ոչ աշխատանքային ժամերին, ինչի պատճառով էլ որոշվել է
բարձրացնել նրա գործակիցը։
«Փոփոխությունը վերաբերում է տեղեկատվության և հասարակության հետ
կապերի բաժնի երկրորդային կառուցվածքային միավորի ղեկավարի գործակցին։
Գործակիցը բարձրացվում է մինչև 2.5 միավոր։ Դա պայմանավորված է
նրանով, որ նշված բաժնի ղեկավարը հաճախ ստիպված է աշխատել ոչ
աշխատանքային ժամերին և ոչ աշխատանքային օրերին, ինչի պատճառով էլ
ընդունվել է գործակիցը բարձրացնելու որոշում», — հայտարարել
է Մամուկա Շուբիթիձեն։
Հարկ է նշել, որ հանրային ծառայողի աշխատավարձը հաշվարկվում է
գործակցի միջոցով։ Այս դեպքում Մառնեուլիի քաղաքապետարանի
հասարակության հետ կապերի բաժնի ղեկավարի գործակցի բարձրացումը
նույնպես նշանակում է նրա աշխատավարձի բարձրացում։
Մառնեուլիի սակրեբուլոյի անդամները երկու հարցերի վերաբերյալ էլ
ընդունել են դրական որոշում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան