Մառնեուլիի երիտասարդական խորհրդին անդամակցելու համար հարցազրույցի է մասնակցել 30 երիտասարդ
Մառնեուլիի քաղաքապետարանում հարցազրույց է անցել «Երիտասարդական խորհրդի» անդամակցության 30 թեկնածու։ Մարտի 30-ին քաղաքապետարանի փոքր կոնֆերանսների դահլիճում Մառնեուլիի փոխքաղաքապետ Թեմուր Շուբիթիձեի գլխավորած հատուկ հանձնաժողովը հարցազրույց է անցկացրել երիտասարդների հետ։ «Ռադիո Մարնեուլին» այսօր՝ մարտի 31-ին, փորձեց կապ հաստատել փոխքաղաքապետի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։

«Մառնեուլիի քաղաքապետարանի բազայում , Երիտասարդական գործակալության աջակցությամբ Վրաստանի Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ գործում է երիտասարդական խորհուրդ, որը մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշումների կայացման գործընթացին», - նշված է Մառնեուլիի քաղաքապետարանի հրապարակած տեղեկատվության մեջ։

Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել են, որ հարցազրույց է անցկացցրել 30 երիտասարդի հետ։ Առաջիկայում հանձնաժողովը կընտրի Երիտասարդական խորհրդի անդամներին, որից հետո կկայանա նորացված Երիտասարդական խորհրդի առաջին նիստը։


Մառնեուլիի երիտասարդական խորհուրդը կազմված կլինի առնվազն 18 անդամից։ Մառնեուլիի մունիցիպալիտետում կա ընդհանուր առմամբ 18 վարչական միավոր, Երիտասարդական խորհուրդը կներառի մեկ վարչական միավորի առնվազն մեկ ներկայացուցիչ։

Երիտասարդական խորհուրդն ընտրվում է երկու տարի ժամկետով և բաց է լինելու Մառնեուլիում բնակվող 16-ից 29 տարեկան երիտասարդների համար։

Մառնեուլիի քաղաքապետարանում երիտասարդական խորհուրդը համալրվում է երկրորդ անգամ։ 22 անդամից կազմված առաջին երիտասարդական խորհրդի առաջին նիստը տեղի ունեցավ քաղաքապետարանում 2021 թվականի ապրիլի 9-ին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google