Մառնեուլիի քաղաքապետարանի և հարակից այգու վերականգնման համար հայտարարված մրցույթը ձախողվել է

Մառնեուլիի քաղաքապետարանի շենքի և քաղաքապետարանի հարակից տարածքի վերականգնման/վերակառուցման համար մրցույթները չեն իրականացվել։



ՏԻՄ-ը 2022 թվականի մարտի 18-ին հայտարարել է Մառնեուլիի քաղաքապետարանի հարևանությամբ վերականգնողական/բարեկարգման աշխատանքների գնման մրցույթ։ 720 702 լարի արժողությամբ մրցույթին ոչ մի ընկերություն չի մասնակցել, հետեւաբար էլեկտրոնային մրցույթ չի անցկացվել, եւ քաղաքապետարանը ստիպված է եղել նորից հայտարարել։

Քաղաքապետարանի բակի կանաչապատման ծրագրով նախատեսվում է ստեղծել հանգստի կանաչ տարածքներ, տեղադրել նստարաններ, տեղադրել աղբամաններ, տեղադրել արտաքին լուսավորության դեկորատիվ լամպեր։

Քաղաքապետարանի հարևանությամբ կկազմակերպվի երկու ավտոկայանատեղի։ Քաղաքապետարանից ձախ կողմում գտնվող կայանատեղը նախատեսված է քաղաքապետարանի հյուրերի համար, իսկ հետևի կայանատեղը՝ անձնակազմի համար:

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը քաղաքապետարանի հարակից տարածքի բարեկարգման մրցույթը կրկին հայտարարել է ապրիլի 18-ին նույն գնով։

Ի տարբերություն քաղաքապետարանի հարակից տարածքի բարեկարգման մրցույթին, քաղաքապետարանի շենքի վերականգնման/վերակառուցման 235 396 լարի արժողությամբ մրցույթին մասնակցել է մեկ ՍՊԸ «Ուրիշիմ» ընկերությունը ։ «Ուրիշիմ»-ը տեղական ինքնակառավարմանն առաջարկել է 199 հազար լարիով վերանորոգել քաղաքապետարանի շենքը, սակայն տեղական ինքնակառավարումը որակազրկել է ընկերությանը։

«Քանի որ մրցութային փաստաթղթերով սահմանված պահանջների և հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի/տեղեկատվության առնվազն մեկ անհամապատասխանությունը բավարար է հայտատուին որակազրկելու համար, ապա մրցութային հանձնաժողովն այլևս չի քննարկի մասնակցի կողմից ներկայացված մյուս նշված փաստաթղթերը։ Հաշվի առնելով արձանագրության ուսումնասիրության մեջ արտացոլված հանգամանքները՝ մրցութային հանձնաժողովը միաձայն որոշեց, որ հայտատուի կողմից ներկայացված տեխնիկական փաստաթղթերը չեն համապատասխանում մրցութային պահանջներին»-, այս մասին նշված է մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ։

Մառնեուլիի քաղաքապետարանի շենքի վերականգնման՝ կրկին 235 396 լարի արժողությամբ մրցույթը ինքնակառավարումը հայտարարել է ապրիլի 21-ին։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google