Փակ կազմակերպություններ, սահմանափակ տեղեկատվություն և կասեցված զարգացում. ռուսական օրենքի սպասվող հետևանքները Մառնեուլիում
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ՌԴ օրենքի կիրառման արդյունքում Մառնեուլիի բնակիչներն այլևս ազատ տարածք չեն ունենա քննարկումներ անցկացնելու համար, բռնության ենթարկված կանայք այլևս օգնություն չեն ստանա, ադրբեջանախոս դիմորդները այլևս չեն կարողանա անվճար պատրաստվել ​​քննություններին, և նրանց այլևս չեն օգնի գրանցվել քննություններին։ Մառնեուլիում կսահմանափակվի բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունների աշխատանքը, որոնք դուր չեն գա «Վրացական երազանք»-ին։

Խուլդարա և Մոլաողլի գյուղերը գտնվում են Մառնեուլիից 30 կիլոմետր հեռավորության վրա՝ Հայաստանի սահմանի մոտ։ Այստեղի երիտասարդները վրաց լեզուն սովորելու և ուսումը Վրաստանում շարունակելու քիչ հնարավորություն ունեին, այդ իսկ պատճառով երկու ուսուցիչներ որոշեցին համայնքային կենտրոն հիմնել և երեխաների համար ազգային քննություններին անվճար նախապատրաստական ​​ծառայություն ստեղծել։ Եվրոպական դոնորներից ստացված ֆինանսավորմամբ Խուլդարա գյուղում ստեղծվել է «Նոր մտքի ինստիտուտ»։ Նրանք սկսեցին աշխատել գյուղի զարգացման համար,  վերապատրաստել են կանանց՝ հանուն տնտեսական հզորացման, հրապարակ են կազմակերպել գյուղում, օգնել քաղաքացիներին շփվել հասարակական կառույցների հետ, տրամադրել երիտասարդներին ոչ ֆորմալ կրթություն և ամենակարևորը՝ օգնել դիմորդներին նախապատրաստվել քննություններին, գրանցվել և ընտրել համալսարանները։

Համայնքային կազմակերպությունները քաղաքացիներին մատուցում են բոլոր ծառայություններն անվճար, քանի որ նրանք ֆինանսավորում են ստանում տարբեր հասարակական և միջազգային կազմակերպություններից։ Ոչ տեղական, ոչ էլ կենտրոնական իշխանություններն այս ծառայությունը չեն մատուցում Սադախլո համայնքի բնակիչներին։ «Վրացական երազանք»-ի կողմից ընդունված ռուսական օրենքի կիրառման դեպքում քաղաքացիները կարող են զրկվել այդ ծառայություններից։

«Ինչպես Վրաստանում աշխատող բոլոր հասարակական կազմակերպությունները, մենք էլ սպասում ենք օրենքի հետ կապված գործընթացներին, սակայն այս առնչությամբ դեռ ոչ մի որոշում չենք կայացրել։ Որովհետեւ անելիքներ շատ ունենք, հատկապես քննություններն են մոտենում, նյարդայնանում ենք։ Բայց, իմ կարծիքով, եթե հաջորդ տարվանից աջակից չգտնենք, կամ կստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ չկարողանանք իրականացնել այս նախագիծը, դիմորդները, ինչպես նաև երիտասարդները մեծ ռեսուրսներ կկորցնեն»,- ասում է Արիզ Դաշամիրովը, Նոր մտքի ինստիտուտի հիմնադիր։

Դիմորդների պատրաստման եւ գրանցմանն աջակցության ծրագիրը կազմակերպությունը սկսել է 2018թ. 6 տարվա ընթացքում նրանք 200-ից ավելի դիմորդներ են պատրաստել։ «Ես չեմ կարող ձեզ հստակ թիվ ասել, թե քանի դիմորդ է անցել քննությունների նախնական թեստերը, քանի որ այս ցուցանիշը շատ բարձր է։ Վրաստանում բնակվող բոլոր ադրբեջանախոս դիմորդները կարող են մասնակցել մեր նախնական թեստավորմանը»։



«Վրացական երազանքի» ընդունած ռուսական օրենքի կիրառման դեպքում Մառնեուլին կկորցնի իր ազատ տարածքը՝ ի դեմս «Մառնեուլի ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնի»։ Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնը Մառնեուլիում գործում է արդեն 12 տարի և քաղաքացիներին, քաղաքական կուսակցություններին, լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին տրամադրում է տարածք, որտեղ քննարկումներ և հանդիպումներ կարող են կազմակերպվել Մառնեուլիի համար անհրաժեշտ թեմաների շուրջ:

Բյուջեի հանրային քննարկումն առաջին անգամ տեղի ունեցավ ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում։ Առաջին անգամ սկսվեցին հանդիպումներ, որոնց մասնակցում էին ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Մառնեուլիի դեմոկրատական ​​ներգրավման կենտրոնի համակարգող Մարիամ Սամխարաձեի խոսքով, ամեն ամիս անցկացվում է 15 հանդիպում, և մոտ 300 մառնեուլցիներ ստանում են իրենց ծառայությունները։



Մառնեուլիի Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնը շարունակում է աշխատել այս փուլում և շարունակում է տարբեր ծառայություններ առաջարկել մառնեուլցիներին, թեև դրանք կփակվեն, եթե ՌԴ օրենքն ուժի մեջ մտնի։

Եթե ​​ՌԴ օրենքն ուժի մեջ մտնի, «Մառնեուլիի կանանց դեմոկրատական ​​հասարակությունը» նույնպես կդադարեցնի աշխատանքը Մառնեուլիում։ Կազմակերպությունը, որն աշխատում է Մառնեուլիում կանանց իրավունքների վրա, օգնում է բռնության ենթարկված կանանց կրթություն ստանալ և աշխատանք գտնել, աշխատում է քաղաքային առողջապահության, սոցիալական ապահովության և հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների զարգացման և այլ թեմաներով, որոնք առնչվում են Մառնեուլիի բնակչությանը: .

«Մառնեուլի կանանց դեմոկրատական ​​հասարակությունը» գործում է արդեն 18 տարի և առաջին կազմակերպությունն էր, որը քաղաքապետարանում ստեղծեց նախադպրոցական պատրաստության կենտրոններ։ Կազմակերպության ղեկավարն է Օլգա Էնդելաձեն։ Նա ասում է, որ օրենքով կազմակերպությունը պետք է բռնի ուժով գրանցվի, այսպես կոչված, «գործակալների» ռեգիստրում, սակայն նրանք կդադարեն աշխատել և փակվելու են։

Մինչև 2011 թվականը Մառնեուլիում չկար մեկ նախադպրոցական պատրաստության կենտրոն։ Օլգան հիշում է, որ չկար օրենք, որն ապահովում էր երեխաների հասանելիությունը նախադպրոցական կրթությանը, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններում ոչ ոք տեղեկություն չուներ քաղաքապետարանում տիրող իրավիճակի մասին։

«Այն ժամանակ ես ինքս մայր էի և, իհարկե, անձամբ ինձ վրա է անդրադարձել այս թեման, և ես հասկացա, որ խնդիրը ոչ միայն իմ անձնական խնդիրն է, այլ այն վերաբերում է բոլորին և հանրային խնդիր է։ Նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող յուրաքանչյուր ընտանիք անհանգստացած է։ Երբ սկսեցինք այս քարոզարշավը, բավականին լուրջ ծրագիր էինք մշակել։ Ծրագիրը նախատեսում էր ինչպես մատչելիության բարձրացում, այնպես էլ ռազմավարական տեսլական՝ ներգրավված էին մասնագետներ, նախադպրոցական ասոցիացիայի ներկայացուցիչներ և այլն։ Խնդիրը շատ բազմաբնույթ էր՝ ենթակառուցվածքային բաղադրիչի խնդիր կար, նախադպրոցական հաստատություններ մուտքի խնդիր, տեխնիկայի խնդիր։ Փորձեցինք ու բերեցինք դոնորական ծրագրեր, որոնք մեզ կօգնեին  այս ոլորտի զարգացման գործում»։

Օլգայի կազմակերպությունը 2011-2015 թվականներին աշխատել է Մառնեուլիում մանկապարտեզների և դպրոցների նախապատրաստման հաստատությունների զարգացման համար։ Չորս տարվա ընթացքում կազմակերպությունը Լեհաստանի, Էստոնիայի և Ճապոնիայի դեսպանատների օգնությամբ ամբողջությամբ վերանորոգել և վերազինել է Մառնեուլիի Կապանախչի գյուղի մանկապարտեզը՝ Լեհաստանից և Ճապոնիայից հատկացվել է 126 981 լարի, իսկ տեղական բյուջեից՝ 22 857 լարի։ - Աղմամեդլո գյուղում ստեղծվել և բացվել է նախադպրոցական պատրաստության կենտրոն, իսկ Քեսալո, Թազաքենդի, Քաչագան, Արաֆլո, Ջանդարի և Մառնեուլի  թիվ 6 հանրակրթական դպրոցներում  նախադպրոցական կրթության կենտրոններ։

Օլգան կարծում է, որ «Վրացական երազանքի» կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ռուսական օրենքի ընդունումը և կազմակերպություններին որպես «օտար տերության շահերը կրող» պիտակավորումը նպատակաուղղված են նվազեցնելու հասարակության վստահությունը կազմակերպությունների նկատմամբ և վարկաբեկելուն։

«Վրացական երազանք»-ն ասում է, որ օրենքն ընդունել է «թափանցիկության» սկզբունքով, ասում են՝ հանրությունը պետք է իմանա, թե ինչպես են ծախսում կազմակերպությունները դրսից ստացած դրամաշնորհները։ Սակայն դրամաշնորհի ստացման և ծախսման գործընթացը բարդ էր, և օրենքն արդեն կարգավորում էր այն։ Հասարակական կազմակերպությունները, անկախ լրատվամիջոցները և քաղաքացիական սեկտորը համոզված են, որ օրենքը միայն քննադատական ​​կարծիքը զսպելու նպատակ ունի։
Դրամաշնորհ ստանալու համար ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները դիմում են ուղարկում հրապարակային հայտարարված դրամաշնորհային մրցույթին, որը կցվում է բյուջեով և բանավոր նկարագրությամբ, թե ինչի վրա է ցանկանում աշխատել կազմակերպությունը և որքան լարի է նախատեսում ծախսել: Դիմումը ստանալուց հետո դոնոր կազմակերպությունները որոշում են կայացնում տրամադրել նշված դրամաշնորհը, թե ոչ։ Հանրային մրցույթում հաղթելուց հետո վրացական լրատվամիջոցը կամ հասարակական կազմակերպությունը սկսում է իրականացնել նախագիծը։ Դոնոր կազմակերպության հետ կնքված պայմանագրում գրված են հաշվետվության ներկայացման ժամկետները՝ միջանկյալ և վերջնական հաշվետվությունները։ Այս հաշվետվությունները նկարագրում են կազմակերպության կողմից իրականացված բոլոր գործողությունները, ինչպես նաև այն միջոցները, որոնք նա պետք է ծախսեր ծրագրի շրջանակներում: Ֆինանսական հաշվետվությունները ներառում են ինչպես պայմանագրեր, այնպես էլ հարկային պարտավորությունների հաշվետվություն: Դոնոր կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը։ Բացի այդ, լրատվամիջոցներից պահանջվում է եռամսյակը մեկ անգամ տեղեկատվություն ներկայացնել Հաղորդակցության ազգային հանձնաժողովին ցանկացած եկամուտների և ծախսերի մասին և հրապարակել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտի հաշվետվություն:

«Վրացական երազանքը» մայիսի 28-ին ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ռուսական օրենքը։ Լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները պարտավոր են գրանցվել որպես «օտար ազդեցության» կազմակերպություններ, իսկ այն կազմակերպությունները, որոնք կամովին չեն գրանցվել ռեգիստրում, սեպտեմբերից կտուգանվեն։

Եվրամիությունը տարիներ շարունակ ֆինանսավորում է Վրաստանի կառավարությունն ու քաղաքացիական հատվածը՝ երկրում ժողովրդավարական կառույցներ ստեղծելու և Վրաստանի համար Եվրամիությանն անդամակցելը հեշտացնելու համար։ 2019-24 թվականներին Եվրամիությունը Վրաստանի կառավարությանը հատկացրել է 517,82 միլիոն եվրո, 46,1 միլիոնով ֆինանսավորել է քաղաքացիական հասարակությանը, 6,1 միլիոնով՝ մասնավոր հատվածին։ Եվրամիությունից Վրաստանի կառավարությանը հատկացված գումարի մեծ մասը՝ 111,55 մլն եվրո, հատկացվել է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին, 101,40 մլն եվրոն՝ ֆինանսների նախարարությանը, 62,75 մլն եվրոն՝ պաշտպանության  նախարարությանը,  57 մլն բնապահպանության նախարարության կողմից, միջոցները բաշխվել են նաև տարբեր նախարարություններում։

Եթե ​​Վրաստանում կիրառվի ռուսական օրենքը, երկիրը կկորցնի ազատ լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունների մեծ մասը, ինչն իր հերթին կխոչընդոտի երկրում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը։ Ռուսական օրենսդրության կատարումը խոչընդոտում է Վրաստանի ինտեգրմանը Եվրամիությանը. Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին խոսել է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացի հետընթացի և ֆինանսավորման դադարեցման մասին և ասել, որ  այս պահին Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը կասեցված է»։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google