Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի գործունեության
շրջանակում երկրում ժողովրդագրական իրավիճակը ուսումնասիրելու և
համապատասխան առաջարկություններ մշակելու նպատակով կստեղծվի
աշխատանքային խումբ։
Այդ մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեն։
«
Մեր երկրում, ինչպես աշխարհի շատ երկրներում, ժողովրդագրական
քաղաքականությունը մարտահրավեր է, և բնակչության թիվը նվազում է։
Իշխանության հիմնական առաջնահերթություններից մեկը ժողովրդագրության
հարցն է, սակայն վերջին տարիներին, քովիդ համավարակից հետո, երկրում
ձևավորվել է բացասական ժողովրդագրական հավասարակշռություն։ Այդ
պատճառով որոշեցինք հանձնաժողովում ստեղծել աշխատանքային խումբ, որը
կմշակի առաջարկություններ՝ ուղղված երեխաներ ունեցող ընտանիքների
սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։ Այդ առաջարկությունները
կներկայացվեն Վրաստանի կառավարությանը», — հայտարարել է Զազա
Լոմինաձեն։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ աշխատանքային խմբում, խորհրդարանի
անդամների հետ միասին, կընդգրկվեն Վրաստանի կառավարության վարչակազմի,
օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և
սոցիալական պաշտպանության, կրթության, գիտության և երիտասարդության,
ֆինանսների, էկոնոմիկայի և կայուն զարգացման, տարածաշրջանային
զարգացման, արդարադատության նախարարությունների, Վրաստանի
պատրիարքարանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Վիճակագրության
ազգային ծառայության ներկայացուցիչներ։
Բացի այդ, աշխատանքային խմբի աշխատանքներին ժամանակավոր անդամի
կարգավիճակով կմասնակցեն Աջարիայի ինքնավար հանրապետության
կառավարությունը, Թբիլիսիի և Բաթումիի քաղաքապետարանները, ինչպես նաև
ոլորտի փորձագետներ։