Ղարիբաշվիլի. Այսօրվանից դիմակ կրելը պարտադիր է միայն տրանսպորտում և կլինիկաներում
Վրաստանի վարչապետի խոսքով՝ այսօրվանից՝ մայիսի 2-ից, փակ տարածքում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի։ Բացառություն են կազմում հասարակական տրանսպորտը և կլինիկաները: Այդ մասին կառավարության նիստում խոսել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Նա նաև մանրամասնեց, որ դպրոցներում դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի։ Այս կանոնակարգի մեղմացումից հետո դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի առևտրի կենտրոններում, խանութներում, հյուրանոցներում և այլն։

«Շատ կայուն պատկեր ունենք, այսօր ընդամենը 51 դեպք ենք ունեցել, և այս ուղղությամբ իրավիճակը կայուն է։ Սա թույլ է տալիս էլ ավելի մեղմացնել կանոնակարգը և, ինչպես արդեն ասացի, վերացվելու է դիմակի պարտադիր կրումը»,- ասել է Ղարիբաշվիլին։

Գործող կանոնակարգի համաձայն՝ բոլոր պետական հաստատություններում դիմակ կրելը պարտադիր էր՝ այս կանոնը խախտելու համար տուգանքը կազմում էր 20 լարի։

2020 թվականի փետրվարի 26-ից, երբ Վրաստանում հաստատվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, թեստավորման միջոցով գրանցվել է 1 655 221 դեպք։ COVID-19-ից մահացել է 16811 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարտա Միսկարյան


Աղբյուր ՝  radiotavisupleba.ge
Print