Բենզինը վերջին մեկ տարում թանկացել է 41,4 տոկոսով
Այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բենզինը թանկացել է 41,4 տոկոսով, իսկ դիզվառելիքը թանկացել է 53,4 տոկոսով։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ապրիլին ամենաթանկ ապրանքների տասնյակում են հայտնվել և՛ դիզվառելիքը, և՛ բենզինը։

Ներկայումս ֆիրմային գազալցակայաններում սուպերտիպի վառելիքի միջին արժեքը կազմում է 4,14 լարի, իսկ սովորականինը` 3,81 լարի։

Վրաստանում վառելիքի գների որոշման վրա ազդում են մի քանի գործոններ։ Դրանք ներառում են միջազգային գինը, լարիի փոխարժեքը և պետության կողմից գանձվող հարկերը։

Մարտին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը հաջորդեց նավթի միջազգային գների կտրուկ աճին։ Ներկայում, այս տարվա մարտի համեմատ, նավթի միջազգային գինը նվազել է, թեև զգալիորեն բարձր է նախորդ տարվա համեմատ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ Brent տեսակի նավթի միջազգային գինը մեկ տարում աճել է մոտ 156%-ով և հավասար է 106 դոլարի։

Մայիսի 2-ին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասաց, որ շատ ներկրողներ վառելիքը ներկրել են համեմատաբար էժան, թեև դա դեռ չի արտացոլվել գների վրա։ Նա ասաց, որ մրցակցության գործակալությանը հանձնարարվել է ուսումնասիրել գները և ներկայացնել միջանկյալ եզրակացություն։

Վրաստանում վառելիքի գների որոշման վրա էականորեն ազդող կարևոր գործոններից մեկը լարիի փոխարժեքի փոփոխությունն է։ Հաշվի առնելով, որ նավթ ներկրողները վառելիքը գնում են արտարժույթով, լարիի արժեզրկումը բացասաբար կանդրադառնա դրա գնի վրա, իսկ ուժեղացումը՝ դրական։ Նշենք, որ վերջին մեկ տարում լարին դոլարի նկատմամբ ամրապնդվել է միջինը 11 տոկոսով։

Մեկ այլ գործոն, որը էական ազդեցություն ունի Վրաստանում վառելիքի գնի որոշման վրա, պետության կողմից սահմանված հարկերն են։ Այստեղ նկատի ունեն ավելացված արժեքի հարկերն ու ակցիզային հարկերը, որոնց տեսակարար կշիռը բավականին բարձր է։ Ավելի կոնկրետ՝ սովորական վառելիքի մեկ լիտրի գնի դեպքում, որի միջին արժեքը կազմում է 3,81 լարի, հարկերը կազմում են մոտ 95 թեթրի, որից ԱԱՀ-ի բաժինը կազմում է 58 թեթրի, իսկ ակցիզը՝ 37 թեթրի։

Վրաստանը դեռ բարձր գնաճ ունի։ Ապրիլին գների ընդհանուր մակարդակը տարեկան կտրվածքով աճել է 12,8%-ով։ Տարեկան գնաճի վրա ամենամեծ ազդեցությունն է թողել տրանսպորտի և սննդի գների աճը։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


წყარო: On
Print