Նախարարությունը կոչ է անում ԹՊՀ-ին կատարել ուսանողների խնդրանքը
Կրթության նախարարությունը Թբիլիսիի պետական համալսարանի ղեկավարությանը կոչ է անում առավելագույնս հաշվի առնել ուսանողների վիճակը և 2021-2022 ուսումնական տարին ավարտել հիբրիդային ռեժիմով [մասամբ լսարանում, մասամբ՝ հեռավար]։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, հայտարարություն է տարածել նախարարությունը։

Բացի այդ, նախարարությունը կոչ է անում համալսարանին ապահովել ուսանողական հանրակացարանում ազատ տարածքը և ուսանողների տեղավորումը։

«Նախարարությունը հուսով է, որ Թբիլիսիի պետական համալսարանը հաշվի կառնի ուսանողների կարիքները և համապատասխան որոշում կկայացնի»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից պարզաբանում են, որ բուհերն ինքնուրույն որոշումներ են կայացնում ուսումնական գործընթացի վերաբերյալ իրենց ինքնավարության շրջանակներում։



ԹՊՀ-ի լսարաններում ուսումնա-քննական շրջանը մեկնարկել է մայիսի 2-ին և ավարտական մասը պետք է ավարտվի հուլիսի 13-ին։ Հետևաբար, ուսանողներին Թբիլիսիում բնակարան վարձելու համար կպահանջվի մոտ երկուսուկես ամիս։

Netgazeti-ին տված հարցազրույցում ուսանողներից շատերն ասում էին, որ եթե անգամ այդքան մեծ գումար մոբիլիզացնեին, ապա բնակարանատերերից ոչ մեկը այդքան կարճ ժամկետով բնակարան չէր տա վարձակալության։

Ինչ վերաբերում է համալսարանի դիրքորոշմանը ՝ ԹՊՀ-ն նշում է, որ հեռավար ուսուցումը չի ապահովում այն կրթական մակարդակը, որը ուսանողները կարող են ստանալ լսարաններում և մտադիր չէ ներդնել առցանց և/կամ հիբրիդ ուսուցում:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Աղբյուր ՝ ნეტგაზეთი
Print