2021 թվականին Վրաստանում գործազրկության
մակարդակը 2020 թվականի համեմատ աճել է 2,1 տոկոսային կետով և կազմել
20,6 տոկոս։
Այս մասին տեղեկությունը տարածում է Ազգային վիճակագրական
ծառայությունը։
Ըստ նրանց՝ 2021 թվականին աշխատուժի մասնակցության մակարդակը
(աշխատուժի տեսակարար կշիռը 15 և բարձր տարիքի բնակչության մեջ)
նախորդ տարվա համեմատ աճել է 0,5 տոկոսային կետով և կազմել 50,9
տոկոս, մինչդեռ զբաղվածության մակարդակը նվազել է 0,7 տոկոսային
կետով, մինչև 40,4 տոկոս:
«Քաղաքային տիպի բնակավայրերում աշխատուժի մասնակցության մակարդակն
աճել է 0,2 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում՝ 0,8
տոկոսային կետով։ Զբաղվածության մակարդակը նվազել է և՛ քաղաքային, և՛
գյուղական բնակավայրերում՝ համապատասխանաբար 0,9 և 0,4 տոկոսային
կետով։
Աշխատողների տեսակարար կշիռը 2021 թվականին կազմել է աշխատողների
ընդհանուր թվի 68,2 տոկոսը, ինչը 0,1 տոկոսային կետով գերազանցում է
նախորդ տարվա ցուցանիշը։
2021 թվականին քաղաքային բնակավայրերում գործազրկության մակարդակը
նախորդ տարվա համեմատ աճել է 1,9 տոկոսային կետով, իսկ գյուղական
բնակավայրերում՝ 2,4 տոկոսային կետով։
Նախորդ տարվա համեմատ 2021 թվականին գործազրկության մակարդակն
ամենաշատն աճել է Թբիլիսիում, Սամցխե-Ջավախքում և Իմերեթիում
համապատասխանաբար 3,7, 3,5 և 3,4 տոկոսային կետով։
Գործազրկությունն ավանդաբար ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց
շրջանում: 2021 թվականին 2020 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է
1,6 տոկոսային կետով կանանց և 2,5 տոկոսային կետով տղամարդկանց
համար։
Աշխատուժի մասնակցության մակարդակը տղամարդկանց մոտ ավելի բարձր է,
քան կանանց: 2021 թվականին կանանց մոտ այդ ցուցանիշը կազմել է 40,5
տոկոս, իսկ տղամարդկանց համար՝ 62,9 տոկոս։ Նախորդ տարվա համեմատ
աշխատուժի մասնակցության ցուցանիշն աճել է կանանց մոտ 0,1 տոկոսային
կետով, իսկ տղամարդկանց համար՝ 0,9 տոկոսային կետով։
2021 թվականին և՛ կանանց, և՛ տղամարդկանց զբաղվածության մակարդակը
նախորդ տարվա համեմատ նվազել է համապատասխանաբար 0,5 և 0,9 տոկոսային
կետով։
«2021 թվականին գործազրկության մակարդակն ամենաբարձրն է 15-19
տարիքային խմբում (52.2 տոկոս), իսկ այս ցուցանիշն ավանդաբար
ամենացածրն է 65+ տարիքային խմբում (6.0 տոկոս), որի հիմնական պատճառը
ակտիվության ցածր մակարդակն է համապատասխան տարիքային խմբում»,- ասված
է հաղորդագրությունում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝
BPN