Մրցույթ Քվեմո Քարթլիի երիտասարդների համար

Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախքի շրջանների երիտասարդները հնարավորություն ունեն մասնակցելու 6-ամսյա քաղաքացիական ծրագրին։

CENN բնապահպանական հասարակական կազմակերպությունը քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի շրջանակներում Եվրամիության աջակցությամբ մրցույթ է հայտարարել 18-ից 30 տարեկան երիտասարդների համար:

«Քաղաքացիական մասնակցության ուսումնական ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդներին տեղական մակարդակում սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման գործում։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները կվերապատրաստվեն մի շարք ոլորտներում, ինչպիսիք են նախագծերի մշակումը, քարոզարշավի պլանավորումը և իրականացումը, շահերի պաշտպանությունը, ռեսուրսների մոբիլիզացումը և այլն: Նրանք կաշխատեն մենթորների և փորձագետների հետ և կմշակեն նախագծեր», - այս մասին նշված է քաղաքացիական մասնակցության ծրագրի նկարագրության մեջ։

Ծրագիրը բաղկացած է չորս մասից, որոնք ներառում են քաղաքացիական կրթության ճամբար, մենթորություն, ծրագրերի ֆինանսավորում և իրականացում և ամփոփիչ աշխատաժողով:

Քաղաքացիական մասնակցության 6-ամսյա ուսումնական ծրագրին մասնակցել ցանկացող երիտասարդները պետք է լրացնեն հատուկ դիմում-հայտ, որից հետո կընտրվեն 25 երիտասարդներ։

«Հանձնաժողովի կողմից հայտերը կգնահատվեն նախապես սահմանված հետևյալ չափանիշներով ՝
• Մոտիվացիա - Ինչո՞ւ է մրցույթի մասնակիցը ցանկանում մասնակցել ծրագրին:
• Ապագա պլաններ. ի՞նչ տեսակի խնդիրների վրա է մրցույթի մասնակիցը ցանկանում աշխատել ծրագրի շրջանակներում:
• Առաջնորդության և ակտիվ քաղաքացիության ներուժ:
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցը կստանա ծրագրի շրջանավարտի կարգավիճակ, ինչը թույլ կտա զբաղվել լրացուցիչ գործունեությամբ՝ երիտասարդ մասնագետների ծրագրով, հաջորդ հոսքի մենթորով և այլն։

Ծրագրին մասնակցել ցանկացող երիտասարդների հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հունիսի 26-ը։


«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print