Քաղաքապետարանը 7 մլն լարիով նախատեսում է վերանորոգել Ռուսթավելի փողոցը
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է ամբողջությամբ վերականգնել և վերակառուցել քաղաքի Ռուսթավելի փողոցը։ Քաղաքապետարանը նախագծային փաստաթղթերի պատրաստման համար 118 000 լարիի մրցույթ է հայտարարել։ Կենտրոնական պողոտայի գնահատված երկարությունը 2750 մետր է։ Աշխատանքները կսկսվեն մայիսի 26-ի փողոցից և կավարտվեն Սամեդ Վուրղունի հրապարակում։ Նախագծային փաստաթղթի նկարագրության մեջ նշվում է, որ նախատեսվում է կազմակերպել ջրահեռացման ցանց, սահմանել կայանատեղեր և տեղադրել արգելող կարգավորող նշաններ, կազմակերպել անցումներ, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված մայթեր և այլն։



«Տրանսպորտի և կայանատեղիների ցանցը անկազմակերպ է։ Ավտոկայանատեղին քաոսային է։ Քաղաքային տրանսպորտի համար կանգառներ գրեթե չկան։ Օրվա որոշակի ժամերին փողոցում կուտակումներ են լինում, խցանումներ են առաջանում։ Փողոցում գրեթե տեղադրված չեն կենցաղային աղբի տարաներ ։ Փողոցի ողջ երկարությամբ բարձր ճնշման գազատար է, որը տեղ-տեղ դասավորված է վերին մայթին։ Այս ճանապարհի ասֆալտ/բետոնե ծածկը ամորտիզացված է, նկատվում են փոսեր, երկայնական և լայնական ճաքեր։ Նմանատիպ ճաքեր կան հետիոտների մայթերին։ Ծրագրով ճանապարհի երկայնական և լայնական պրոֆիլները չեն համապատասխանում նորմերին, ինչը խոչընդոտում է հետիոտների և տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժին»,- ասված է ծրագրի տեղանքի նկարագրության մեջ։

Նախագծային փաստաթղթային ծառայությունների գնման մրցույթը Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել է հունիսի 20-ին։ Թեկնածուները դրան կկարողանան մասնակցել հուլիսի 5-8-ը։ Նախագծի մշակումից հետո քաղաքապետարանը պետք է մրցույթ հայտարարի աշխատանքների մեկնարկի համար, Ռուսթավելի փողոցի ամբողջական վերականգնման/վերակառուցման նախահաշվային ընդհանուր արժեքը 7 000 000 լարի է։

Պայմանագրի գործողության ժամկետը որոշվում է պայմանագրի կնքման օրվանից մինչև 2023 թվականի հունվարի 31-ը։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google