Վրաստանում շարունակվող եվրոպամետ գործողությունների ֆոնին Միացյալ
Նահանգների Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է մտցրել
Վրաստանի ևս քսան քաղաքացիների նկատմամբ, որոնց թվում են նախարարներ,
խորհրդարանի անդամներ, իրավապահ մարմինների և անվտանգության
ծառայությունների պաշտոնյաներ և մասնավոր քաղաքացիներ։
Նրանց ինքնությունը չի նշվում։
Դեկտեմբերի 12-ին Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության
համաձայն՝ արգելվել է վիզաների տրամադրումը այն անձանց, ովքեր
պատասխանատու են կամ մեղսակից են Վրաստանում
ժողովրդավարության
խաթարմանը։
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է «Վրացական երազանքի» դաժան
և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ բողոքի
ակցիաների մասնակիցների, ԶԼՄ-ների, իրավապաշտպանների և ընդդիմության
ներկայացուցիչների նկատմամբ։
Ըստ Պետդեպարտամենտի՝ «Վրացական երազանքը» երես է թեքել Վրաստանի
եվրատլանտյան ապագայից, որը ցանկանում է վրաց ժողովրդի
մեծամասնությունը և նախատեսված է Վրաստանի Սահմանադրությամբ։
«Մենք լրացուցիչ գործողություններ ենք նախապատրաստում, այդ
թվում՝ պատժամիջոցներ՝ պատասխանելու նրանց, ովքեր խարխլում են
Վրաստանում ժողովրդավարությունը։ Վրաց ժողովրդի հետ միասին մենք
ցանկանում ենք տեսնել ուժեղ, բարգավաճ և ժողովրդավարական Վրաստան, որն
ամուր կերպով ինտեգրված կլինի եվրատլանտյան հանրությանը։ Մեր այսօրվա
գործողությունները ցույց են տալիս Ամերիկայի վճռականությունը և
հավելում են մինչ այժմ հայտարարված քայլերին, որոնք տուժել են
«Վրացական երազանքի» հետ կապված ավելի քան 100 մարդու և նրանց
ընտանիքի անդամների վրա»:
Ամերիկայի Միացյալ Նահանգները վիզային պատժամիջոցներ սահմանեց
«Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչների և նրանց
ընտանիքի անդամների նկատմամբ 2024 թվականի հունիսին, այսպես
կոչված Գործակալների մասին օրենքի ընդունումից հետո:
Ամիսներ շարունակ այսպես կոչված Գործակալների օրենքի և «Վրացական
երազանքի» ներկայացուցիչների կեղծ մեղադրանքների վրա հիմնված
հակաարևմտյան հռետորաբանության պատճառով ԱՄՆ-ը բազմիցս կոչ է արել
Վրաստանի կառավարությանը վերադառնալ եվրոպական և եվրատլանտյան
ինտեգրման ուղի, իսկ նոյեմբերին դադարեցրել է իր ռազմավարական
գործընկերությունը Վրաստանի հետ։
Պետդեպարտամենտը որոշումը հրապարակեց նոյեմբերի 30-ին այն բանից հետո,
երբ երկու օր առաջ «Վրացական երազանքի» կառավարությունը որոշեց մինչև
2028 թվականի վերջ օրակարգ չդնել Եվրամիությանն անդամակցելու
բանակցությունների բացման հարցը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան