Քաղաքացին պնդում է, որ իրեն ծեծի է ենթարկել Մառնեուլիի ոստիկանության ավագ աշխատակիցը
Մառնեուլիի քաղաքացի Նամիգ Բայրամովը պնդում է, որ մայիսի 27-ին ոստիկանական բաժանմունքում իրեն ֆիզիկական բռնության են ենթարկել: Նրա խոսքով՝ բռնությանը մասնակցել է Մառնեուլիի ոստիկանության պետի տեղակալ Սամիր Իսմայիլովը։

«Պիրվելի» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ միջադեպը սկսվել է Մառնեուլիի կենտրոնական հրապարակում գտնվող «Սոկար» բենզալցակայանում: Բայրամովի խոսքով՝ Սամիր Իսմայիլովը մոտեցել է իրեն՝ ձեռք սեղմելու, սակայն Բայրամովը մերժել է այդ ժեստը: Ահա թե
ինչն է նյարդայնացրել ոստիկանության ներկայացուցչին։

Բայրամովը պատմում է, որ դրանից հետո Իսմայիլովը մի քանի ոստիկանների է կանչել դեպքի վայր, և Բայրամովին բռնի ուժով տարել են ոստիկանական բաժանմունք, որը գտնվում է դեպքի վայրից մոտ 2 րոպե քայլելու հեռավորության վրա։

Բայրամովի խոսքով՝ բռնությունը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքի շենքում՝ անմիջապես Իսմայիլովի գրասենյակում: Նրա խոսքով՝ ոստիկանները ֆիզիկական և բանավոր բռնություն են գործադրել իր նկատմամբ։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Բայրամովը դիմել է «Ավերսի» կլինիկա՝ ենթադրաբար ծեծի հետևանքով ստացած վնասվածքներով։ Բայրամովի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները նրան ծեծել են ջրով լցված շշով՝ մարմնի վրա եղած վնասվածքները նվազագույնի հասցնելու համար։

Նամիգ Բայրամովն արդեն դիմել է Գլխավոր տեսչություն՝ տուժողի կարգավիճակ ստանալու համար։ Ինչ վերաբերում է Ներքին գործերի նախարարության ներկայացուցչին, ապա «Պիրվելի» հեռուստաընկերության լրագրողի խոսքով՝ Սամիր Իսմայիլովն այս պահին աշխատանքի վայրում չէ, և նրանից մեկնաբանություն ստանալ հնարավոր չի եղել։

Պաշտոնական մարմինները այս պահին միջադեպի վերաբերյալ մեկնաբանություններ չեն տվել։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝ Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google