Մառնեուլիում հայտարարվել է մրցույթ՝ կոյուղու աշխատանքների հետևանքով վնասված ճանապարհային ծածկույթի վերականգնման համար

Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ընկերությունը հայտարարել է մրցույթ՝ Բոլնիսի, Մառնեուլի և Թեթրիծղարո համայնքներում ջրամատակարարման և կոյուղու համակարգերի կառուցման և վերականգնման աշխատանքների հետևանքով վնասված ճանապարհային ծածկույթի վերականգնման աշխատանքների գնման համար։



Մրցույթի արժեքը կազմում է 96,000 լարի և ներառում է Քվեմո Քարթլիի երեք համայնքներում ճանապարհային ծածկույթի վերականգնումը։

Փաստաթղթերի համաձայն՝ կապալառուն պետք է տեղում ուսումնասիրի առկա ճանապարհային ծածկույթի կառուցվածքը և
համապատասխանաբար իրականացնի ծածկույթի վերականգնման աշխատանքներ (հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ և ուղեկցող աշխատանքները), որից հետո տեղադրված ծածկույթը կհամապատասխանի առկա ծածկույթին։

«Տեղադրված ասֆալտը չպետք է նստվածք ունենա, իսկ ճանապարհի պրոֆիլը չպետք է խախտվի կամ վատթարանա։ Շինարարական աշխատանքների ընթացքում պետք է պահպանվեն համապատասխան տեխնոլոգիական գործընթացները, հաջորդականությունը և որակը։ Մատակարարը պետք է ապահովի, որ շինհրապարակում աշխատողները, ինժեներական և տեխնիկական անձնակազմը կրեն սաղավարտներ և հատուկ հագուստ, և հատուկ աշխատանքները կատարվեն համապատասխան սարքավորումների միջոցով։ Մատակարարը պետք է ապահովի, որ շինհրապարակում աշխատանքները կազմակերպվեն այնպես, որ ապահովվի շինարարության անվտանգությունը»։ - նշված է մրցույթում։

Մրցույթում տրված նախահաշվի համաձայն՝ աշխատանքների մեծ մասը ներառում է փոսերի լցոնում։

Մառնեուլիում և նրա գյուղերում ջրամատակարարման և կոյուղու նախագիծը մեկնարկել է 2019 թվականին։ Նախագծի շրջանակներում փորվել են ճանապարհներ, մաշվել են ենթակառուցվածքները, վնասվել են հասարակական տրանսպորտը և մասնավոր տրանսպորտային միջոցները։ Սկզբում «Աքելիք Գրուպ» ընկերությունը պետք է ավարտեր նախագիծը մինչև 2021 թվականի մարտը, սակայն այն չի կարողացել կատարել իր պարտավորությունները, այդ պատճառով էլ 55,940,022 դոլար արժողությամբ նախագիծը կասեցվել է։

Ջրամատակարարման ընկերությունը նոր պայմանագիր է կնքել թուրքական և չինական ընկերությունների հետ։ Աշխատանքներն իրականացնում են «Չինական գեո-ինժեներական կորպորացիան» (CGC) և «POLAT Yol Yapi Sanayi ve Ticaret Anonim Sirkei»-ն։

Նախագիծը կարժենա ավելի քան 135 միլիոն լարի՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։ Այն կներառի նոր ջրամատակարարման ցանցի, պոմպակայանի, ջրամբարների, նոր կոյուղու ցանցի և ժամանակակից չափանիշներին համապատասխանող մաքրման կայանի կառուցում։

Նախագծի ավարտից հետո Մառնեուլիի բնակչությունը պետք է ապահովված լինի 24-ժամյա ջրամատակարարմամբ և նոր կոյուղու ենթակառուցվածքներով։

Լուսանկար՝ Ռադիո «Մարնեուլի»-ի արխիվ
"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google