«Սա անցանկալի, վատ փաստ է, սա սխալ էր» - Ամիրան Գիորգաձեն «Վրացական երազանքի»-ի բարձրաստիճան պաշտոնյայի որդու կողմից կատարված բռնության մասին

Մառնեուլիի քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեի հայտարարության համաձայն՝ սեպտեմբերի 19-ին հրուշակեղենի խանութում անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած Մամուկա Գիգանիի նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի։



Մամուկա Գիգանին Մառնեուլիի քաղաքային խորհրդի աշխատակից է և Մառնեուլիի քաղաքային խորհրդի փոխնախագահ Ռիչարդ Գիգանիի որդին։ Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն «Ռադիո Մառնեուլի»-ին  մեկնաբանել է Գիգանիի կողմից անչափահասի նկատմամբ կիրառված բռնությունը։ Նա ասել
է, որ դատապարտում է բռնությունը, միջադեպը գնահատում է որպես անցանկալի և վատ փաստ և ասում է, որ Գիգանին միտումնավոր չի եղել, նա հարբած է եղել և սխալ է թույլ տվել։

«Սա անցանկալի է, սա վատ փաստ է, բայց ես ուզում եմ բոլորին ասել, որ դա միտումնավոր չի եղել։ Սա սխալ էր։  Հարբած էր, և դրա համար նա սխալ է թույլ տվել, նա պատասխանատվության կենթարկվի։ Երբ նա արթնացել է, ինքնաքննություն է կատարել, հանձնվել է ոստիկանությանը, որքանով ես գիտեմ, քննություն է ընթանում։ Հանցագործության հաստատման դեպքում իրավապահ մարմինները կգործեն օրենքի համաձայն»։ - նշում է Ամիրան Գիորգաձեն։

Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահը նշում է, որ նման փաստերը վատ են, բայց դրանք չպետք է քաղաքականացվեն։ Գիորգաձեն կոչ է անում հանրությանը զերծ մնալ ավելորդ հայտարարություններից և նման միջադեպերից։

«Ես ուզում եմ կոչ անել բոլորին, որ նման փաստերը վատ են, մենք չպետք է քաղաքականացնենք այս հարցերը։ Ընդհակառակը, ես ուզում եմ խնդրել բոլոր նրանց, որոնցով մենք հպարտանում ենք, որ Մարնեուլին բազմազգ մունիցիպալիտետ է, մենք միշտ հարգում ենք միմյանց մշակույթը, կրոնը, ավանդույթները, միմյանց։ Սա մեզ համար մեկ մեծ ընտանիք է, որտեղ մենք պետք է ապրենք հարգանքով և սիրով։ Հետևաբար, ես խնդրում եմ բոլորին զերծ մնալ ավելորդ հայտարարություններից, ինչպես նաև խնդրում եմ բոլորին զերծ մնալ նման միջադեպերից», - ասաց Ամիրան Գիորգաձեն։

Մառնեուլիի քաղաքային խորհրդի նախագահի բացատրության համաձայն, եթե Մամուկա Գիգանիի մեղքը ապացուցվի, նա որոշում կկայացնի և Գիգանիին կազատի աշխատանքից։ Նա նշում է, որ քաղաքային խորհրդում նույնպես կարգապահական հետաքննություն կսկսվի։

«Եթե մեղադրանքները ապացուցվեն, ես որոշում կկայացնեմ նրան աշխատանքից ազատելու մասին։ Մենք, իհարկե, դատապարտում ենք բռնությունը։ Բոլորը հավասար են օրենքի առջև։ Եթե հանցագործությունը չապացուցվի, մենք միևնույն է, կարգապահական հետաքննություն կսկսենք աշխատանքի վայրում»։ - ասաց Ամիրան Գիորգաձեն

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, սեպտեմբերի 19-ին Մառնեուլիի քաղաքային խորհրդի փոխնախագահի որդին հրուշակեղենի խանութում ֆիզիկական հարձակում է գործել գործընկերոջ վրա՝ վրացերեն չիմանալու համար։

Տարածված տեսանյութում լսվում է աղմուկ, որում հայտնվում է Ռիչարդ Գիգանիի որդին և խնդրում քաղաքացուն «մի կողմ քաշվել»։ Լսվում են ռուսերեն արտահայտություններ. «Успокойся брат» (Եղբայր, հանգստացիր)։
Իրավապաշտպան Սամիրա Բայրամովայի խոսքով՝ անչափահասի նկատմամբ բռնության գործում ներգրավված է նաև Մառնեուլիի քաղաքապետարանի աշխատակից և «Վրացական երազանքի» համամասնական ցուցակի անդամ Թորնիկե Մտվարելիձեն, որը բանավոր վիրավորել է անչափահասին։

ՆԳՆ-ն դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է անչափահասի նկատմամբ բռնությանը։

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, հրապարակվել է մի խնդրագիր, որում նշվում է, որ զոհ անչափահասը և նրա ընտանիքի անդամները ճնշման են ենթարկվում տեղական ինքնակառավարման մարմինների և կառավարության կողմից։

Խնդրագիրը պահանջում է, որ «Վրացական երազանքը» հանի Ռիչարդ Գիգանիին և Թորնիկե Մտվարելիձեին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համամասնական ցուցակից և ազատի նրանց Մառնեուլիի մունիցիպալիտետում իրենց պաշտոններից։ Պահանջվում է, որ Մառնեուլիի մունիցիպալիտետը ազատի Մամուկա Գիգանիին Մառնեուլիի մունիցիպալիտետից և իրավապահ մարմիններից անհապաղ դադարեցնի զոհի և նրա ընտանիքի վրա ճնշումները։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Ռադիո Մարնեուլի

 

Print E-mail
FaceBook Twitter Google