Մառնեուլին Վրաստանի բազմազգ համայնքներից մեկն է, որտեղ էթնիկ և
լեզվական բազմազանությունը որոշում է առօրյա կյանքը:
Պետական լեզուն սովորելը հաճախ դժվար է երեխաների համար, հատկապես
այն ընտանիքներում, որտեղ տանը վրացերեն չեն խոսում: Մի քանի ամիս
առաջ Կիզիլաջլո գյուղում բացվեց առաջին կիրակնօրյա դպրոցը՝
Եվրամիության աջակցությամբ, որը խթանում է երեխաների լեզվական
հմտությունները, վաղ զարգացումը և սոցիալական ինտեգրումը:
Նախագիծն իրականացվում
է «Հավասար հնարավորություններ հավասարության
համար» կազմակերպության կողմից՝ «Երեխա, ընտանիք, հասարակություն»
կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական Միության ֆինանսական
աջակցությամբ՝ «Քաղաքացիական հասարակության ամրապնդում ներառական և
կանաչ հետկովիդային վերականգնման համար» ծրագրի շրջանակներում, որն
իրականացվում է CENN-ի աջակցությամբ Քվեմո Քարթլիում և
Սամցխե-Ջավախեթիում։
Կիրակնօրյա դպրոցի նախագծի ղեկավար Ֆիդան Ասկերովան նշում է, որ
տարածքը շատ ավելին է, քան պարզապես երեխաների համար վրացերեն
սովորելը։ Նրանք մասնակցում են երկլեզու միջոցառումների՝ միաժամանակ
տիրապետելով նոր հմտությունների, խթանելով վաղ զարգացումը, և ծնողները
ակտիվորեն ներգրավված են գործընթացում։
«Երկլեզու մոտեցումներ կան նաև
մանկապարտեզներում, բայց մեզ մոտ տարբերությունն այն է, որ
մասնագետները համագործակցում են միմյանց հետ։ Այսինքն՝ վրացերեն,
հայերեն և ադրբեջաներեն լեզուների ուսուցիչները միասին են կազմում
ծրագիր, որը նրանք միասին կիրականացնեն 2-ժամյա գործընթացի ընթացքում,
որը ներառում է ուսումնական ժամանակահատվածը։ Գործունեությունը
ներառում է ինչպես շարժական, այնպես էլ սեղանի խաղեր, որտեղ, օրինակ,
վրացերենի ուսուցիչը աշխատում է մեկ խմբի հետ, իսկ ադրբեջաներենի
ուսուցիչը՝ մյուս խմբի հետ։ Թեման նույնն է, բայց գործողությունները
կարող են տարբեր լինել։ Այս նախագծի շրջանակներում մենք նաև
հարմարեցրել ենք առկա մեթոդաբանությունը։ Կան գրքեր, քարտեր
վրացերենով, որոնց համաձայն երեխաները սովորում են բառեր և
նախադասություններ, և արդյունքները շատ լավ են։ Այս փուլում մենք
ունենք 20 աշակերտ։ 5-6 տարեկան և, անհրաժեշտության դեպքում, 7
տարեկան երեխաներն են մեր շահառուները։ Իրականում, կիրակնօրյա դպրոցի
նպատակը ոչ միայն լեզվի յուրացումն է, այլև վաղ զարգացման խթանումը։
Մենք սովորեցնում ենք այն կարևոր հմտությունները, որոնք հետագայում
օգտակար կլինեն երեխաներին դպրոցում։ Իրականում մենք նրանց նաև
նախապատրաստում ենք դպրոցին։ Մենք կենտրոնանում ենք նախադպրոցական
հմտությունների վրա։ Այս ծրագրի շրջանակներում մենք նաև ստեղծել ենք
ծնողների ակումբ նախագիծ։ Մեր կիրակնօրյա դպրոցում ընդգրկված
երեխաները, նրանց ծնողները նույնպես մեզ հետ են այդ 2 ժամվա
ընթացքում, և մենք նրանց տրամադրում ենք անհրաժեշտ կարևոր
տեղեկատվությունը։ Օրինակ՝ որքան կարևոր է գրքեր կարդալը, ինչ
հմտություններ է այն նպաստում զարգացմանը, ինչպես աշխատել տանը,
ինչպես կարող է ծնողը ուշադրություն դարձնել երեխայի ակադեմիական
հմտություններին, պլանավորել միջոցառումներ, ինչպես հետաքրքրել նրանց,
ինչպես հեռացնել երեխային գաջեթներից», - ասում է Ֆիդան
Ասկերովան։

Ժալա Ռուստամովան՝ Մառնեուլիում ապրող ծնող, որը իր երեխային գրանցել
է կիրակնօրյա դպրոց, կարծում է, որ սա կարևոր տարածք է, որտեղ երեխան
կարող է սովորել լեզուն, զարգացնել իր հմտությունները և պատրաստվել
դպրոցին։
«
Սա առաջին նման տարածքն է Մարնեուլիում։ Շատ կարևոր է,
որ որդիս լավ սովորի վրացերեն, նա տնային դասերն է անում տանը,
ինքնուրույն կարդում է, և շատ կարևոր է, որ նման վայրեր լինեն։ Ինձ
շատ է դուր գալիս, քանի որ նրանք օրական 2 ժամ են հատկացնում որդուս
վրացերեն լավ սովորելուն։ Հատկանշականն այն է, որ նրանք մեծ
ուշադրություն են դարձնում, նրանք լավ ուսուցիչներ են և շատ լավ են
դասավանդում լեզուն», - ասում է Ժալա Ռուստամովան։

CENN բնապահպանական կազմակերպությունը տարիներ շարունակ աշխատել է
Քվեմո Քարթլիի տարածաշրջանում սոցիալական ուղղությամբ, այդ թվում՝
Մառնեուլիում: Կազմակերպությունը Եվրամիության աջակցությամբ
ֆինանսավորել է կիրակնօրյա դպրոց, որի արդյունքում դպրոցն ունի
կրթական ռեսուրսներ: Ուսուցիչներին հնարավորություն է տրվել բարելավել
իրենց որակավորումը վերապատրաստման միջոցով, և տարածքում կազմակերպվել
է բացօթյա տարածք։
Ինչպես բացատրում է CENN նախագծի ղեկավար Նոնո Թևզաձեն, 2022 թվականից
իրականացվող նախագիծը մինչև 20 ենթադրամաշնորհ է ստացել Քվեմո
Քարթլիում և Սամցխե-Ջավախեթիում։

«Ըստ էության, այս նախագծերը
նպատակ ունեին բարելավել սոցիալական ծառայությունների որակը և
ծառայությունների հասանելիությունը, որոնց մենք բախվեցինք երկու
տարածաշրջաններում աշխատելիս։ Տեղական բնակչության հետ
խորհրդակցությունների և փորձագիտական հետազոտությունների հիման վրա
պարզվեց, որ մի կողմից ծառայություններ գոյություն ունեն, բայց
բնակչությունը, մասնավորապես՝ էթնիկ փոքրամասնությունների
ներկայացուցիչները, տեղեկություններ չունեն դրանց մասին, մյուս
կողմից՝ մենք ունենք ծառայություններ, որոնք չեն բավարարում տեղական
մակարդակի կարիքները։ Կիրակնօրյա դպրոցը, որը հիմնադրվել է Մառնեուլիի
մունիցիպալիտետում՝ Եվրամիության աջակցությամբ, կարևոր նախագծերից
մեկն է, որը կշարունակի գործել դրա ավարտից հետո։ Այստեղ 6-7 տարեկան
երեխաները հնարավորություն կունենան ուսումնասիրել վրացերենը որպես
երկրորդ մայրենի լեզու և պատրաստվել դպրոցին։ Այս նախագծի կարևոր
բաղադրիչը ծնողների ակումբի ստեղծումն է, որտեղ աշխատանքներ են
տարվում ծնողների հետ՝ նրանց ճիշտ տեղեկատվություն տրամադրելու համար.
ինչու է դպրոցին պատրաստ լինելը կարևոր, ինչպես օգնել երեխաներին այս
գործընթացում և ընդհանուր առմամբ, որքան կարևոր է վրացերենի
տիրապետումը՝ թե՛ նրանց, թե՛ երեխաների համար», - ասաց Նինո
Թևզաձեն։
Մառնեուլիի Կիզիլաջլո գյուղում գործում է առաջին երկլեզու կիրակնօրյա
դպրոցը։ Կրթական գործընթացին մասնակցել ցանկացող յուրաքանչյուր ոք
կարող է դա անել իր կրթության ցանկացած փուլում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան