«Անհրաժեշտ էր թեստավորել որոշակի խմբերի»,- Զաուր Դարգալի

 

Երեկ ՝ մայիսի 14-ին, Մառնեուլիում անհրաժեշտ էր կատարել լրացուցիչ PCR թեստավորում : Ինչպես ասել է Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին, նմուշներ են վերցվել 44 մարդուց և բոլորի թեստերի պատասխանները բացասական են։
«Անհրաժեշտ էր ստուգել որոշակի խմբերի և մենք ստուգեցինք։ Այս մարդիկ կոնտակտներն էին(վարակակիրների հետ շփում ունեցած), ինչպես նաև այն մարդիկ, ովքեր ամեն օր կապ են ունենում որոշակի խմբերի հետ: Մնացածը շտապօգնության աշխատակիցներն էին: Արդեն ութերորդ օրն է,ինչ Մառնեուլիում կորոնավիրուս չի հաստատվել», - հայտնել է Զաուր Դարգալին։
Մառնեուլիի շտապ բուժօգնության կենտրոնի ութ աշխատակցի մոտ կորոնավիրուս էր հաստատվել մայիսի 2-ին։ Կորոնավիրուսային թեստավորումը Մառնեուլիում սկսվել է մայիսի 6-ին և տևել 4 օր։ Թեստավորվել է ընդհանուր 1 635 անձ և հաստատվել է միայն մեկ դեպք։
Մայիսի 14-ին Բոլնիսիում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք։ Հարցին, թե արդյոք կարող է ազդել Բոլնիսիի համաճարակային իրավիճակը Մառնեուլիի բացման վրա, Մառնեուլիի քաղաքապետը պատասխանել է, որ Մառնեուլիի համայնքի մայիսի 18-ի բացումը մնում է ուժի մեջ։
Մառնեուլիի համայնքը փակվել է մարտի 23-ին։ Այս որոշումը կայացրել է Վրաստանի կառավարությունն այն բանից հետո, երբ Մառնեուլիում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, բայց վարակի աղբյուրը չբացահայտվեց։ Արգելված է համայնքի տարածք ելք ու մուտքը։ Մառնեուլիի մուտքերի մոտ կա 12 անցակետ։
Մայիսի 18-ից Մառնեուլին կբացվի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան մայիսի 7-ին կայացած կառավարության նիստում։




15/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print