Փաստաբան Ալի Բադիրովը վերադարձել է քաղաքականություն և կառաջադրվի
Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնում։
Ալի Բադիրովը կլինի Մառնեուլիի քաղաքապետի թեկնածու «Մեր միասնական
Վրաստան» կուսակցությունից. նրանց ընտրական թիվը 5 է։ «Ռադիո
Մառնեուլի»-ին տված հարցազրույցում Բադիրովը նշել է, որ
քաղաքական կուսակցությունները չպետք է հեշտությամբ զիջեն քաղաքապետի
պաշտոնը «Վրացական երազանքին»։ Նա կարծում է, որ ունի հաղթելու
հնարավորություն և, հետևաբար, որոշել է առաջադրել իր
սեփական
թեկնածությունն։
«
Ես վստահ եմ, որ իմ մասնակցությամբ, ամենայն
հավանականությամբ, առնվազն հարցը կգնա երկրորդ փուլ, եթե երրորդ
քաղաքական կուսակցությունը որոշակի ձայներ ստանա։ Հակառակ դեպքում, ես
տեսնում եմ քաղաքապետ դառնալու իրական հնարավորություններ»։
- ասում է Ալի Բադիրովը
Բադիրովն ասում է, որ որոշել է մասնակցել ընտրություններին, երբ տեսել
է, որ «Վրացական երազանքը առաջադրել է անճանաչելի թեկնածու»։
«Մառնեուլիում շատերը իրականում չեն ճանաչում Դաուր
Իսմայիլովին, և այդ պատճառով ես որոշեցի, որ լուրջ հնարավորություն
ունեմ»։ - ասում է Ալի Բադիրովը
Երբ ոչ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Դաուր Իսմայիլովը կլինի
«Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուն, «Մեր միասնական Վրաստանը»
կուսակցության քաղաքապետի թեկնածուն Ֆեյսբուքում կիսվեց նրա հետ 2017
թվականին արված լուսանկարով, որն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, այլևս
հասանելի չէ նրա Ֆեյսբուքի էջում։ Բադիրովն ասում է, որ չի հիշում, թե
ինչու է լուսանկարը կիսվել։
«
Նրա թեկնածությունն այդ ժամանակ պաշտոնապես չէր հայտարարվել։
Նա կարող էր համարվել թեկնածուներից մեկը։ Որովհետև, այսպես ասած, ես
նրան տարիներ շարունակ ճանաչում եմ և նրան անվանում եմ իմ կրտսեր
եղբայրը, դա կարող էր լինել պատճառը։ Ես չեմ հիշում, թե ճիշտ ինչի
համար էր այդ կիսվելը։ Գուցե կրտսեր եղբայրը որոշակի
հնարավորություններ ունենա այս ընտրություններում, բայց ես անակնկալի
բերեցի, որ ես իրականում քաղաքապետի թեկնածու եմ»։ -
ասել է Ալի Բադիրովը։

Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների մեծ մասը հայտնել է իր
անվստահությունը և բողոքը տեղական ինքնակառավարման մարմինների
ընտրությունների նկատմամբ և չի մասնակցում ընտրություններին: Հայտնի
կուսակցություններից «Լելո»-ն և «Գախարիա Ջորջիան» կմասնակցեն
ընտրություններին: Բադիրովի խոսքով՝ նա չի աջակցում «Վրացական
երազանքի» քաղաքական որոշումներին և կարծում է, որ խնդիրը չի կարող
լուծվել ընտրություններին չմասնակցելով:
«Ոչ մի ողջամիտ մարդ չի աջակցի «Վրացական երազանքի» այս տեսակի
քաղաքականությանը: Այնուամենայնիվ, ես ընտրություններին չմասնակցելը
չեմ համարում խնդրի լուծման միջոց, քանի որ այդպիսով քաղաքական
ասպարեզը լիովին կընկնի «Վրացական երազանքի» վերահսկողության տակ: Ահա
թե ինչու ես կարծում եմ, որ անպայման պետք է մասնակցեմ այս
ընտրություններին և հաղթեմ»:
Երբ նրան հարցրին, թե որքանով է նա ակնկալում, որ ընտրակեղծիքների
դեպքում կբացահայտվեն ընտրախախտումները, երբ տեղական կամ միջազգային
դիտորդները հնարավորություն չունեն դիտարկելու տեղական
ինքնակառավարման մարմինների ընտրությունները, նա պատասխանում է, որ
այս դեպքում որոշիչ դեր կխաղա ընդդիմադիր կուսակցությունների
գնահատականը։
«
Եթե պատահի, որ «Վրացական երազանքը» գրանցի Դաուր Իսմայիլովի
հաղթանակը, այս դեպքում ընդդիմության ներկայացուցիչների գնահատականը
կլինի ամենակարևորը՝ ինչ հանգամանքներում է այն անցկացվել, ինչպիսին է
եղել նախընտրական քարոզարշավը և ընտրության օրը։ Կարծում եմ՝ սա կլինի
լեգիտիմացման-ոչ լեգիտիմացման հիմքը»։
Բադիրովի խոսքով՝ իր թիմը բավարար ֆինանսավորում չունի և, հետևաբար,
այս ընտրություններին կմասնակցի «մի փոքր ավելի աղքատ»։ Բադիրովը
նախատեսում է հանդիպել ընտրողների հետ և սկսել ակտիվ ընտրարշավ
սեպտեմբերի 5-ից։
Ալի Բադիրովը նախկինում մասնակցել է տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրություններին։ 2021 թվականի տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրություններում նա «Աշխատավորական» կուսակցության անդամ
էր և պայքարում էր Մառնեուլիի սակրեբուլոյի անդամակցության
համար։ Բադիրովի կուսակցությունը Մառնեուլիում ստացել է 1039 ձայն
(2.28%), և նա չի կարողացել դառնալ քաղաքային խորհրդի անդամ։ 2021
թվականի դեկտեմբերի 23-ին Բադիրովը «Ռադիո Մարնեուլի»-ին ասել է, որ
հեռանում է քաղաքականությունից։
«
Ես հեռացա քաղաքականությունից, քանի որ 4 տարին երկար
ժամանակ էր։ Ինձ հատկապես դուր է գալիս մասնակցել տեղական
ինքնակառավարման մարմինների ընտրություններին, քանի որ Մառնեուլիում
ունեմ շատ կողմնակիցներ և ընտրողներ։ Հետևաբար, ես այս 4 տարիները չեմ
վատնել, զբաղվել եմ իրավաբանական աշխատանքով և կարծում եմ, որ իմ
իրազեկվածությունը շատ բարձր մակարդակի վրա է»։ - ասում է
Ալի Բադիրովը
Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի
կունենան 2025 թվականի հոկտեմբերի 4-ին: Այս փուլում Մառնեուլիում
հայտնի են միայն երկու քաղաքապետի թեկնածուներ՝ Ալի Բադիրովը «Մեր
միասնական Վրաստան»-ից և Դաուր Իսմայիլովը «Վրացական երազանք»-ից:
Ի՞նչ գիտենք այն կուսակցության
մասին, որի անունից առաջադրվում է Ալի Բադիրովը:
«Մեր միասնական Վրաստան» կուսակցության նախագահը Իսակ Գիորգաձեն է:
Կուսակցության 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ծրագրի
հեղինակը Գոչա Ցոպուրաշվիլին է: Գոչա Ցոպուրաշվիլին 2016 թվականին
«Վրացական երազանք»-ին նվիրաբերել է 20,000 լարի: InterpressNews-ի
տարածած տեղեկատվության համաձայն՝ կուսակցությունը նույնպես
մասնակցում էր 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին, սակայն
հետագայում հանեց իր թեկնածությունը՝ հօգուտ Իրակլի Ալասանիայի «Ազատ
դեմոկրատներ» կուսակցության:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան