Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կրկին հայտարարել է,
որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում չի շնորհելու։
Միաժամանակ, ասում է նա, Սաակաշվիլիին պետք է հատուկ բանտարկյալ
համարել, իսկ կառավարությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի նրա
առողջությունն ապահովելու համար։
«Ես պատրաստ եմ շատ բաների։ Քանի որ այս հարցը կրկին բարձրանում է,
պետք է ասեմ, որ նախկին նախագահին ներում շնորհելու իմ դիրքորոշումը
հաստատուն է և անփոփոխ՝ ոչ և երբեք։
Նախկին նախագահը չի համապատասխանում ոչ քաղբանտարկյալի, ոչ էլ անմեղ
զոհի չափանիշներից որևէ մեկին։
Նա երկիր ինքնակամ և ապօրինի մուտք գործած դատապարտյալ է, ում մուտքը
նպատակ ուներ ապակայունացնել։ Այնուամենայնիվ, ելնելով հասարակական և
քաղաքական բարձր շահերից, նա պետք է համարվի հատուկ բանտարկյալ, և դա
պահանջում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և կառավարության
կողմից հատուկ ուշադրություն՝ ձեռնարկելով բոլոր միջոցները, որպեսզի
առողջության վատթարացումը չօգտագործվի քաղաքական շահարկումների կամ
ապակայունացման համար։ Սա պահանջում է առավելագույն թափանցիկություն և
ժամանակին արձագանքել սրացման ցանկացած նշանի»,- ասել է Սալոմե
Զուրաբիշվիլին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 1-ին հայտարարել է,
որ երբեք ներում չի շնորհելու երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով
կալանավորվել է վրացական տարածքում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան