12 օրվա ընթացքում Մառնեուլիի երկու կլինիկայում մահացել է երեք կովիդ-վարակակիր
Մառնեուլիի մունիցիպալիտետի երկու կլինիկաներում բուժվում է կորոնավիրուսով վարակված 29 հիվանդ, վերջին 12 օրվա ընթացքում երեք մարդ մահացել է։ Ըստ  «Ջեո Հոսպիտալ»-ի կլինիկական տնօրեն Տատա Շենգելայայի ՝  կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազել է։ Նրա խոսքով, այս պահին բուժհաստատությունում ընդհանուր առմամբ բուժվում է յոթ հիվանդ, իսկ հունվարի 1-ից մինչ օրս 1 մարդ է մահացել։

«Ընդհանուր առմամբ, դեպքերի թիվը նվազել է, հունվարի 1-ից մինչ օրս մեր կլինիկայում գրանցվել է 15 դրական դեպք և 1 մահ։ Այս փուլում ընդհանուր առմամբ հաստատությունում բուժվում է յոթ հիվանդ, որոնցից երեքը՝ վերակենդանացման, 4-ը՝ թերապևտիկ բաժանմունքում», - ասել է Շենգելայան։

Հունվարին Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայում հաստատվել է 21 դեպք։ Այսօրվա տվյալներով՝ բուժհաստատությունում գտնվում է 22 հիվանդ։

«Հունվարի 1-ից ունենք ընդհանուր 21 հաստատված դեպք և երկու մահ։ Այսօրվա դրությամբ բուժման կուրս է անցնում 22 մարդ, որից 13-ը վերակենդանացման, 9-ը՝ թերապևտիկ բաժանմունքի»,- հայտնել են «Ավերսի» կլինիկայից։

Նշված կլինիկաները չեն կարող հաստատել՝ արդյոք մահացած հիվանդները Մառնեուլիի բնակիչներ են, քանի որ բուժհաստատություններում բուժվում են նաև այլ մունիցիպալիտետների բնակիչներ։

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5596 նոր դեպք, 47-ը մահացել է, 2946-ը՝ առողջացել։



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


Print