Դմանիսիում և Թեթրիծկարոյում ստեղծվել են հատուկ կարիքներ ունեցող
երեխաների համար նոր կենտրոններ՝ Թեթրիծկարոյի վաղ մանկության
զարգացման աջակցության կենտրոնը և Դմանիսիի առաջին ցերեկային
կենտրոնը, որը տարբեր ծառայություններ է մատուցում հատուկ կարիքներ
ունեցող երեխաներին:
Այս կենտրոնների ստեղծումը հնարավոր դարձավ Եվրոպական Միության կողմից
ֆինանսավորվող և CENN կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի
շրջանակներում:
Եվրամիության օգնությամբ հնարավոր դարձավ մշակել սոցիալական ծրագրեր
Քվեմո Քարթլիի և
Սամցխե-Ջավախեթիի մունիցիպալիտետներում, որոնք
կհամապատասխանեն բնակչության կարիքներին:
Թեթրիծկարոյում ստեղծվել է 0-ից 7 տարեկան երեխաների համար կենտրոն,
որը աջակցում է հատուկ կարիքներ և վաղ զարգացման ուշացումներ ունեցող
երեխաներին: Այս փուլում Թեթրիծկարոյի 16 մանկապարտեզներում ընթանում
է սկրինինգի գործընթաց՝ երեխաների կարիքները բացահայտելու համար:
Կարիքները բացահայտելուց հետո կմշակվի երեխայի անհատական զարգացման
ծրագիր, և կսկսվեն աշխատանքները դրա հետ կապված։
Թեթրիծկարոյի զարգացման խմբի (LAG) գործադիր տնօրեն Նինո Տիկեշվիլիի
խոսքով՝ նախագիծը հնարավորություն է տվել կահավորել կենտրոնը,
անցկացնել սկրինինգ՝ կարիքները բացահայտելու համար, և մշակել բոլոր
այն փաստաթղթերը, որոնց օգնությամբ կենտրոնը կարող է պետությունից
ստանալ ծառայություն մատուցողի կարգավիճակ։
«
Կենտրոնը նախատեսված է սկզբնական փուլում գտնվող 20 երեխայի
համար: Որպես մատակարար գրանցումը ընթացքի մեջ է: Այս նախագծի
շրջանակներում մենք հիմնականում տարածք ենք կազմակերպել՝ թե՛
վարչակազմի, թե՛ այս երեխաների համար, ովքեր կզարգացնեն այն
հմտությունները, որոնք պահանջում են որոշակի միջամտություն զարգացման
ուշացումների ժամանակ: Մենք նաև վերապատրաստել ենք կենտրոնի
գործունեության համար անհրաժեշտ մասնագետներին: Հուսով ենք, որ մոտ
ապագայում մենք կստանանք պետության հաստատումը, և կենտրոնը պաշտոնապես
կբացվի, և Թեթրիծկարոյի այս հաստատությունը կլինի վաղ զարգացման
ծրագրի իրականացնողը տեղական մակարդակում, և մենք այլևս չենք
վերահասցեագրի նույնականացված երեխաներին հարևան
համայնքներ», - ասաց Նինո Տիկուրաշվիլին:
Հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքը սկսվել է նաև
Դմանիսիի մունիցիպալիտետում, որտեղ «Երեխա, ընտանիք, հասարակություն»
կազմակերպությունը հիմնադրել է առաջին ցերեկային կենտրոնը: Ցերեկային
կենտրոնը ծառայություններ է մատուցում 6-ից 18 տարեկան երեխաներին և
երիտասարդներին: Հատուկ կարիքներ ունեցող երեխաները ցերեկային
կենտրոնում մնում են առավոտից երեկո՝ նրանց տրամադրվում է սնունդ,
անցնում են տարբեր թերապիաներ, և նրանց հետ աշխատում են հատուկ
մանկավարժներ և հոգեբաններ: «Երեխա, ընտանիք, հասարակություն»
կազմակերպության հիմնադիր Մայա Բիբիլեիշվիլին նշում է, որ կենտրոնը
նաև օգնում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողներին՝
տրամադրելով հոգեբանական և իրավաբանական օգնություն և նրանց ազատ
ժամանակ տրամադրելով զարգացման և լրացուցիչ եկամուտ գտնելու
համար։
«
Մանկական կենտրոնն ունի իր սեփական չափանիշները, որոնք մենք
լիովին բավարարում ենք։ Մանկապարտեզի պահանջները հետևյալն են՝ պետք է
լինի հոգեբան, հատուկ մանկավարժներ և կազմակերպվեն տարբեր ժամանցային
միջոցառումներ, ինչպիսիք են սպորտային միջոցառումները, արտ-թերապիան,
երաժշտությունը և այլն։ Ինչ վերաբերում է նեղ թերապիաներին, այս
առումով մենք պատրաստել ենք վաղ զարգացման մասնագետ և ցանկանում ենք
պատրաստել վարքային թերապևտ։ Թերապիաներին կանցնենք, երբ այստեղ
գրանցենք վերականգնողական-հիվանդանոցային ծրագիր»։ - մեզ հետ
զրույցում ասաց Մայա Բիբիլեիշվիլին։
Դմանիսիի ցերեկային կենտրոնի հոգեբան Մաիրամ Դևնոզաշվիլիի խոսքով՝
չնայած այն հանգամանքին, որ կենտրոնը երկար ժամանակ չի բացվել, նա
արդեն տեսնում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների զարգացումը՝
երեխաները սովորում են շփվել, ուրախ են շփվել ուսուցիչների հետ և
փորձում են զարգացնել իրենց սեփական հմտությունները։
«
Մենք շատ կարճ ժամանակ է, ինչ աշխատում ենք, և նրանք արդեն
շատ ուրախ են միմյանց տեսնելով, նրանց համար շատ դժվար է այստեղից
հեռանալը, և ուսուցիչները նույնպես սիրում են նրանց։ Նրանք ավելի ու
ավելի են սովորում միմյանց հետ շփվել, և մենք ուրախ ենք, որ նրանք
աստիճանաբար ձեռք են բերել ավելի շատ սոցիալական հմտություններ և
սովորում են հասկանալ և հոգ տանել միմյանց մասին», - ասում է
Մարիամ Դևնոզաշվիլին։
«Սերունդների միջև տեխնոլոգիական կամուրջ» նախագիծը նույնպես
իրականացվել է Դմանիսիում, որը նպաստել է երիտասարդների և տարեցների
սոցիալականացմանը և նրանց հմտությունների կատարելագործմանը։ Նախագծի
շրջանակներում երիտասարդները անցել են թվային հմտությունների
վերապատրաստում, սովորել են կոդավորում, իսկ ավելի ուշ երիտասարդները
կիսվել են այդ հմտություններով տարեցների հետ։
16-ամյա Զուրա Եդիբերիձեն նախագծի շրջանակներում սովորել է
ծրագրավորում, իսկ ավելի ուշ դասավանդել է երեխաներին և տարեցներին։
Նրա ամենամեծ աշակերտը 78 տարեկան էր։
Դմանիսիի տարեց քաղաքացիների կենտրոնի ղեկավար Եկատերինե Օկրիաշվիլիի
խոսքով՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում Դմանիսիի
կենտրոնի շահառուները նաև տարբեր առարկաներ են դասավանդել երեխաներին,
քանի որ տարեցների մեծ մասը նախկին ուսուցիչներ են եղել։
«
«Սերունդների միջև տեխնոլոգիական կամուրջ» նախագիծը կապեց
երեք սերունդ, ծանոթացրեց նրանց, ինչպես նաև այս երիտասարդներին
հնարավորություն տվեց տեսնելու, թե ինչ ենք անում գրասենյակում, և
մենք հասկացանք, որ նման սերունդներ են մեծանում»։«Մենք չենք վախենում
ապագայից, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նախագծի
հիմնադիրներին և ղեկավարներին, ովքեր օգնեցին իրականացնել
նախագիծը»։ - մեզ ասաց Եկատերինե Օկրիաշվիլին։
CENN-ը կազմակերպեց մեդիա շրջագայություն՝ Քվեմո Քարթլիում
իրականացվող նախագծերը բնակչությանը ներկայացնելու համար։ CENN
նախագծի ղեկավար և փոխտնօրեն Նինո Թևզաձեն նշեց, որ Եվրամիության
կողմից ֆինանսավորվող բոլոր նախագծերը կենտրոնացած էին սոցիալական
ծառայությունների ստեղծման կամ առկա ծառայությունների բարելավման
վրա։
«
Այս նախագծերում ամենակարևորը, որը մենք այսօր տեսանք, այն
էր, որ մենք կարողացանք սոցիալական ծառայություններ մատուցողներ
հիմնել տեղերում։ Սա լուրջ խնդիր է, քանի որ այդ խոցելի խմբերը, որոնք
այս ծառայությունների կարիք ունեն, հաճախ ստիպված են լինում գնալ մեծ
քաղաքներ՝ այդ ծառայությունները ստանալու համար, և սա լրացուցիչ խնդիր
է ստեղծում այդ խմբերի համար։ Նման ծառայությունների և
կազմակերպությունների առկայությունը տեղերում, որոնք կմատուցեն իրենց
կարիքներին համապատասխան ծառայություններ, շատ կարևոր է շահառուների
համար, ուստի մենք հպարտ ենք, որ Եվրամիության աջակցությամբ մենք
կարողացանք այս օգնությունը տրամադրել այս թիրախային համայնքներում
բնակվող բնակչությանը»։ - մեզ պատմեց Նինո Թևզաձեն
Ըստ Թևզաձեի՝ Եվրամիության աջակցությունը հնարավորություն տվեց
փոխանցել պատրաստված սոցիալական ծրագրերը մունիցիպալիտետներին և
պետական մարմիններին, և այժմ պետությունը պետք է շարունակի իր
աշխատանքը և ծառայություններ մատուցի շահառուներին։
Եվրամիության կողմից ֆինանսավորվող նախագիծը գործում է Քվեմո Քարթլիի
և Սամցխե-Ջավախեթի մունիցիպալիտետներում, և դրա շրջանակներում
ֆինանսավորվել է 6 նախաձեռնություն։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան