Մառնեուլիի շուկայի առևտրականները, որոնց տաղավարները ոչնչացվել էին
անցյալ տարվա մայիսի 26-ի աղետի հետևանքով,
ասում են, որ նույնիսկ մեկ տարի սպասելուց հետո նրանք պետությունից
որևէ նյութական օգնություն չեն ստացել։
Աղետը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսի 26-ին։ Հորդառատ անձրևների
հետևանքով Մառնեուլիի փողոցները ջրհեղեղի են ենթարկվել, Ալգետի գետը
բարձրացել է, և իրավիճակը հատկապես դժվար է եղել շուկայի
տարածքում։
Հորդառատ անձրևը քշել է տաղավարները, և ապրանքներն ու արտադրանքը
փչացել են։
«Ես որևէ օգնություն չեմ ստացել,
տնօրենը ինձ միայն 30 լարի տվեց շաքարի դեղ գնելու համար։ Դա ամբողջ
օգնությունն էր», - ասում է Մառնեուլիի շուկայի վաճառող
Թաբիաթ Ջալիլովան, որը տուժել էր անցյալ տարվա աղետից։
Նա ասաց, որ երկու խանութ ամբողջությամբ ոչնչացվել են։ Հիմնական
ապրանքները հարսանեկան պարագաներ էին՝ հայելիներ, մոմեր, դեկորատիվ
իրեր։ Վնասը, նրա գնահատմամբ, կազմել է ավելի քան 10,000 դոլար։
«Հիմա անցել եմ հագուստի,
գուլպաների։ Ես դեռ լվանում և հագնում եմ, բայց ի՞նչ անեմ մոմերի հետ։
Դրանք բոլորը փչացել են։ Ո՞վ կգնի։ Ես հիմա խեղդվում եմ պարտքերի մեջ։
Ես ձեզ ցույց կտամ իմ տետրը՝ 1000, 2000, 1600 լարի։ Ես այս ամենը
վարկ եմ վերցրել հացի փող գտնելու համար։ Մենք շատ աղքատ ենք։ Ես
վաճառում եմ այս գուլպաները, բայց ես դրանք չեմ հագնում ինձ համար։ Ես
հին գուլպաներն եմ հագնում ընտանիքս պահելու համար։ Ես ոչ մի
օգնություն չեմ ստացել։ Նրանք մեզ ասացին, որ օգնությունը տրամադրվում
է հրդեհների ժամանակ, ոչ թե ջրհեղեղների ժամանակ», - ասում է
Թաբիաթ Ջալիլովան։
«Եթե նայեք ապրանքներին՝
տաբատներ, կոստյումներ, հարսանեկան զգեստներ, դրանք բոլորը թանկ են։
Ամեն ինչ ավերված է», - ասում է Մարնեուլիի շուկայի մեկ այլ
վաճառող, որը տուժել էր անցյալ տարվա բնական աղետից։
«Ես բանկից գումար էի հանել։
Հիմա չեմ կարողանում վճարել։ Մոտ 50 հազար եմ հանել, 36 հազարը պետք է
վճարեմ, ևս 5 հազարը՝ մեկ այլ բանկում։ Արդեն դատարանում գործ ունեմ՝
չեմ կարողանում վճարել։ Ունեմ տեսանյութեր, թե ինչպես էր ամեն ինչ ջրի
մեջ։ Հագուստի վրա բծեր կան, դրանք չեն անցնի լվանալով։ Ամեն
ինչ փչացած է։ Ես մոտ 50 հազար լարի արժողությամբ ապրանքներ ունեի։
Այս խանութը կնոջս անունով է։ Մենք նաև տեսանյութերը ցույց տվեցինք
բանկին, խնդրեցինք, որ մեզ գոնե մի փոքր ժամանակ տան՝ չենք կարողանում
վճարել։ Բայց դա անիմաստ է։ Կինս էլ հիվանդացավ։ Դրանից հետո նա նևրոզ
ունեցավ։ Մենք ամենուրեք դիմեցինք՝ ապարդյուն։ Ոչ ոք միջոցներ չի
ձեռնարկում։ Լավ կլիներ, որ մեզ մի փոքր օգնեին», - ասում է
Իսմայիլ Իսմայիլովը։
Առևտրականներն ասում են, որ աղետից հետո միակ օգնությունը, որ ստացել
են, շուկայի վարչակազմից է եղել՝ սահմանված հարկի նվազեցում, բայց ոչ
ոք չի փոխհատուցել իրենց վնասները։
Անցյալ տարի, աղետի ժամանակ, շուկայի տարածքում մաքրման տեխնիկա էր
աշխատում, և Մառնեուլիի քաղաքապետարանը ստեղծեց հատուկ հանձնաժողով՝
վնասը հաշվարկելու համար, չնայած մենք չգիտենք, թե ինչ ձևով է տեղական
ինքնակառավարման մարմինը օգնել տուժածներին: Հարցի պատասխանը
փորձեցինք ստանալ այսօր՝ մայիսի 26-ին, երբ Մառնեուլիի քաղաքապետ
Քենան Օմարովը ներկա էր Անկախության օրվան նվիրված միջոցառմանը,
սակայն նա հրաժարվեց լրացուցիչ մեկնաբանություններ տալ, բացառությամբ
Անկախության օրվան նվիրված: Քաղաքապետարանի հասարակայնության հետ
կապերի բաժնի ղեկավարը խնդրեց մեզ կապվել իր հետ ավելի ուշ՝ հարցը
պարզաբանելու համար:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան