Զոհվել է ամերիկացի աշխարհահռչակ բասկետբոլիստ Քոբի
Բրայընթը: Կալիֆորնիայում ուղղաթիռի
կործանման պատճառով Բրայընթի հետ միասին զոհվել են նրա 13-ամյա
դուստրն ու յոթ այլոք: Ուղղաթիռում գտնվող որեւէ մեկը չի փրկվել:
Աղետը տեղի է ունեցել մառախլապատ եղանակի պայմաններում:
Բրայընթն անցած քսան տարիներին խաղացել է ԱՄՆ-ի Բասկեդբոլի ազգային
լիգայի կազմում գտնվող LA Lakers թիմ
ում:
Աշխարհի տարբեր հատվածներից հանրահայտ դեմքեր ու ղեկավարներ են իրենց
ցավակցությունը հղում զոհված մարզիկի մահվան կապակցությամբ: Տասնյակ
հազարավոր մարզասերներ կիրակի օրն իրենց հարգանքի տուրքն էին
մատուցում Լոս Անջելեսի ‘’Լեյքըրզ’’-ի մարզադաշտի մոտ:
Բասկետբոլի ազգային ընկերակցությունը հրապարակել է հայտարարություն,
որտեղ ասված է, թե ‘’ցնցված է Քոբի Բրայընթի ու նրա դստեր`Ջիանայի
ողբերգական մահվան բոթը ստանալով’’:
Ֆիլիպիններում Քոբի Բրայընթի անունով են կոչել նրա մահից մի քանի ժամ
առաջ բացված բասկետբոլի մարզադաշտը: Սգո արարողություններ են
անցկացվում Իտալիայում, որտեղ մարզիկն անց է կացրել իր մանկության մի
մասը:
Փորձաքննիչներն ասում են, որ ուղղաթիռում եղել է ինը մարդ, բայց
մանրամասնություններ դեռեւս չեն հաղորդում մյուս անձանց մասին: Սակայն
ընտանիքի անդամներն ասել են, թե ուղղաթիռում են եղել նաեւ Օրինջ Քոսթի
քոլեջի բասկետբոլի թիմի մարզիչը, նրա կինն ու 13-ամյա դուստրը, որը
նույն թիմում է խաղացել Բրայընթ ի դստեր`Ջիաննայի հետ:
Ուղղաթիռը կործանվել է լեռնային մի հատվածում: Նախնական վարկածն այն
է, որ մառախուղի պատճառով օդաչուն չի նկատել դիմացի լեռը:
Ինչպես մասնագետներն են ասում, երկշարժիչ այս ուղղաթիռները երբեք չեն
ունեցել որեւէ խնդիր: Սակայն կործանման տեղանքին մոտ գտնվող անձինք
ասում են, որ մինչեւ պայթյունի ձայնը լսելը, ուղղաթիռի թռիչքի ձայնն
իրենց տարօրինակ է թվացել: Ոմանք ասել են, թե շարժիչի ձայնը լսվել է
տատանումներով:
2008 թվականին նա համարվել է բասկետբոլի երեսուն թիմեր ընդգրկող
Բասկետբոլի ազգային ընկերակցության լավագույն մարզիկը: Երկու անգամ նա
դարձել է ամենաարժեքավոր խաղացողը: Բրայընթը նաեւ երկու անգամ
գրանցվել է որպես ամենամեծ թվով միավորները բերած բասկետբոլիստը,
երկու անգամ եղել օլիմպիական չեմպիոն:
Բրայընթը երկու տարի առաջ նաեւ արժանացել է Օսկարի մրցանակի` ‘’Սիրելի
բասկետբոլ’’ կարճ անիմացիոն ֆիլմի համար: Հինգրոպեանոց ֆիլմը հենված է
այս մարզաձեւի նկատմամբ 2015 թվականին գրված Բրանընթի սիրո նամակի
վրա:
Բրայընթն ու նրա կինը` Վանեսան ունեն երեք այլ դուստրեր` Նաթալիան,
Բիանկան ու Քափրին:
Բասկետբոլում իր քսանամյա կարիերան Քոբի Բրայընթը Լոս Անջելեսի
‘’Լեյքըրզ’’ թիմում ավարտել էր 2016 թվականին:
Ըստ ամերիկյան որոշ թերթերի, կործանված ուղղաթիռի օդաչուն եղել է
50-ամյա Արա Զոբայանը:
https://www.amerikayidzayn.com/