Մառնեուլիի քաղաքապետ Դաուր Իսմայիլովը և նրա տեղակալ Գիորգի
Գոդաբրելիձեն չեն մեկնաբանում Պետական անվտանգության ծառայության
կողմից քաղաքապետարանի վարչական ծառայության աշխատակից Ռիմա
Օթարաշվիլիի նկատմամբ առաջադրված մեղադրանքը։
Մարտի 9-ին տարածված տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի պետական
անվտանգության ծառայությունը Ռիմա Օթարաշվիլիի դեմ քննություն է
սկսել՝ նախնական համաձայնությամբ խմբի կողմից առանձնապես խոշոր չափի
խարդախության փորձի փաստով։
Քննությամբ պարզվել է, որ Մառնեուլիի
մունիցիպալիտետում գտնվող 20 000 քմ հողատարածքի մի քանի մասերի
բաժանման և սահմանազատման հարցը իբր Մառնեուլիի քաղաքապետարանում
դրական լուծելու դիմաց քաղաքապետարանի վարչական ծառայության
աշխատակիցը և նրա վստահված անձը քաղաքացուց պահանջել են 60 000 ԱՄՆ
դոլար, որից նախապես վերցրել են 5 000 ԱՄՆ դոլար։ — նշված է
Պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ։
Ռիմա Օթարաշվիլիին Պետական անվտանգության ծառայությունը չի
ձերբակալել։ Մարտի 9-ին «Ռադիո Մառնեուլի»-ին աղբյուրը հայտնել
էր, որ Օթարաշվիլին դեռ գտնվում էր քաղաքապետարանի շենքում։
Պետական անվտանգության ծառայության տարածած տեսանյութում լսվում է, թե
ինչպես է Ռիմա Օթարաշվիլին քաղաքացուն ասում, որ նրա գործը, որի համար
պահանջել էր 60 000 դոլար, 100%-ով կլուծի, և հայտարարում է, որ «այս
գործի հիմնական ֆիգուրներից մեկը նաև քաղաքապետը կլինի»։
Մի քանի օր է փորձում ենք հարցազրույց վերցնել Մառնեուլիի քաղաքապետից
և նրա տեղակալից։ Լրագրողները ցանկանում էին պարզել՝
ինչու՞ էր Մառնեուլիի «Կանանց սենյակի» ղեկավար Ռիմա Օթարաշվիլին
ներգրավված հողերի ձևակերպման հարցերում, ինչու՞ է նա խարդախության
փորձի ժամանակ հիշատակում Մառնեուլիի քաղաքապետին, և արդյո՞ք նա
շարունակում է աշխատել քաղաքապետարանում։
Դաուր Իսմայիլովը և Գիորգի Գոդաբրելիձեն չեն պատասխանել
հեռախոսազանգերին։ Մարտի 12-ին, երբ լրագրողները այցելել են
Մառնեուլիի քաղաքապետարան, նրանք նույնպես չեն ցանկացել հանդիպել
լրագրողի հետ։ Տեղեկությունը, որ մեկնաբանություն չեն տալու,
փոխանցվել է հասարակության հետ կապերի բաժնի աշխատակցի միջոցով։