Մառնեուլիում «Շին» մուլտիէթնիկ փառատոնն այս տարի չի անցկացվի

Մշակույթի տան վերականգնման պատճառով Մառնեուլիում «Շին» մուլտիէթնիկ փառատոնն այս տարի չի անցկացվի:



Մառնեուլիում «Շին» մուլտիէթնիկ փառատոնն այս տարի չի կայանա: Տեղացիներին այս մասին տեղեկացրել է Մառնեուլիի մշակույթի կենտրոնի ադմինիստրացիան: Գերատեսչության պարզաբանմամբ՝ միջոցառման նախապատրաստման, մասնակիցների հետ աշխատանքի և կազմակերպչական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ աշխատանքային տարածք կազմակերպությունն այս փուլում չունի, իսկ այլընտրանքային տարածքով ապահովել մինչ օրս չի հաջողվել:

«Շին»-ը

2022 թվականից հիմնադրված մուլտիէթնիկ փառատոն է, որը կրում է էթնիկ հանդուրժողականության հստակ ուղերձ: Ծրագրի նպատակն է մշակութային երկխոսության միջոցով մունիցիպալիտետում բնակվող տարբեր էթնիկ խմբերի միջև փոխըմբռնման, վստահության կամուրջների կառուցումը և բազմազանության աջակցումը:

«Մեզ համար հատկապես դժվար է կասեցնել այնպիսի նախագծեր, որոնք տարիների ընթացքում ստեղծվել են, զարգացել և կարևոր տեղ են գրավել Մառնեուլիի մշակութային կյանքում... Մառնեուլիում մշակութային-ստեղծագործական գործընթացների երկարատև դադարը օրեցօր ավելի է դժվարացնում այն միջավայրի պահպանումն ու զարգացումը, որը ստեղծվել է տարիների ընթացքում: Մշակութային կյանքը պահանջում է անընդհատություն, տարածք և հնարավորություն: Հույս ունենք, որ տեղական ինքնակառավարումը ժամանակին կգտնի համապատասխան տարածք, ինչը մեզ հնարավորություն կտա շարունակել մշակութային-ստեղծագործական գործունեությունը», — նշված է մշակույթի կենտրոնի հայտարարության մեջ:

Ինչո՞ւ է դադարեցվել մշակույթի կենտրոնի գործունեությունը:

Մարնեուլիի մշակույթի կենտրոնում շենքի վերականգնողական աշխատանքների պատճառով ուսումնական և ստեղծագործական գործընթացը սովորական ռեժիմով չի կարողացել մեկնարկել: Կազմակերպությունում հայտնում են, որ պատրաստ են ամենասեղմ ժամկետներում վերսկսել գործունեությունը, սակայն գործընթացի վերականգնումը ամբողջովին կախված է այլընտրանքային տարածքի որոնումից և հատկացումից, ինչը դուրս է իրենց իրավասության շրջանակներից:

Չնայած նրան, որ Մշակույթի տան վերականգնման մասին որոշումը հայտնի էր դեռևս ամռան սկզբին, անպատասխան են մնում հարցերը՝ ինչո՞ւ տեղական ինքնակառավարումը չկարողացավ ապահովել այլընտրանքային տարածքի որոնումը մինչև ուսումնական տարվա մեկնարկը, ինչո՞ւ աշակերտներն ու ծնողները կանգնեցին փաստի առաջ, և որքան ժամանակ հարյուրավոր երեխաներ ու երիտասարդներ ստիպված կլինեն մնալ առանց արվեստի  կրթության:

Ինչպիսի՞ն կլինի նորացված Մշակույթի տունը:

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը «Մշակույթի տան» վերականգնման-վերակառուցման տենդերում հաղթած «Բիլդքինգս» ՍՊԸ-ի հետ կնքել է 7 585 205 լարիի արժողությամբ պայմանագիր: Նախագիծը բաշխված է 4 տարվա վրա և ուժի մեջ է 2026 թվականի հունիսի 4-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը: Ֆինանսավորման 95%-ը կծածկի պետական բյուջեն, իսկ 5%-ը՝ տեղական ինքնակառավարումը: 2026 թվականի հունիսի 17-ին ընկերությանը տեղական բյուջեից որպես կանխավճար արդեն փոխանցվել է 900 000 լարի:

Նախագծի համաձայն՝ գոյություն ունեցող շենքի աջ և ձախ թևերին կավելացվի մեկական հարկ. ձախ կողմում կտեղակայվի փոքր թատրոնի դահլիճ՝ դիմահարդարման թատերասենյակներով, իսկ աջ կողմում՝ պարային փորձասենյակներ: Ամբողջությամբ կվերականգնվի մեծ դահլիճը և կվերականգնվի պտտվող բեմը: Բացի այդ, կստեղծվեն նոր վարչական, թատերական և պարային տարածքներ, պահեստներ, հանդերձարան, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված սանհանգույցներ, ինչպես նաև կթարմացվի շենքի ճակատը:

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google