«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն
2024 թվականի դեկտեմբերից ի վեր երկրորդ անգամ հանդիպում է ունեցել
ռազմավարական գործընկեր երկրի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության
դեսպան Չժոու Ցյանի հետ։
Չինաստանը այն երկրներից մեկն է, որը ընտրություններում աջակցեց
«Վրացական երազանքին», ինչպես նաև շնորհավորեց Միխեիլ Կավելաշվիլիին
վեցերորդ նախագահի պաշտոնում ստանձնելու կապակցությամբ։
2025 թվականի հունվարի 10-ին կառավարության աշխատակազմում կայացած
հանդիպմանը կողմերը քննարկել են
«Վրաստան-Չինաստան ռազմավարական
գործընկերության համաձայնագրով նախատեսված ոլորտներում
համագործակցությունը և առևտրատնտեսական կապերի զարգացման դրական
դինամիկան»։
Ինչպես հայտնում է Կոբախիձեի վարչակազմի մամուլի կենտրոնը, հանդիպման
ընթացքում նա ևս մեկ անգամ իր ցավակցությունն է հայտնել դեսպանին
Չինաստանում բազմաթիվ մարդկային կյանքեր խլած երկրաշարժի
կապակցությամբ, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
«
Նշվեց, որ ազատ առևտրի համաձայնագիրը և առանց վիզայի
ճանապարհորդությունը, ինչպես նաև մարդկանց միջև կապերը լավ
հնարավորություն են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման
համար»։ «Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունն առավել
ամրապնդելու արդյունքի վրա հիմնված համագործակցությունը»,-
ասված է մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ։
Նրանց նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի
6-ին։ Դիվանագետը շնորհավորել է Կոբախիձեին խորհրդարանական
ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակի և նոր կառավարության
հաստատման կապակցությամբ։
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները, հինգերորդ նախագահ Սալոմե
Զուրաբիշվիլին, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և
հասարակության մի ստվար զանգված ընտրությունների արդյունքներն ու
իշխանությունը համարում են ոչ լեգիտիմ։
Դեկտեմբերի 6-ի հանդիպման ժամանակ «ուշադրությունը կենտրոնացել է
երկկողմ համագործակցության զարգացման դրական դինամիկայի վրա, ինչը
հաստատվում է ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրով»,
հայտարարել է Կոբախիձեի մամուլի կենտրոնը։
Այդ հանդիպմանը քննարկվել է նաև «երկու երկրների միջև քաղաքական և
մշակութային հարաբերությունների և առևտրատնտեսական կապերի հետագա
խորացումը»։ Նաեւ «ընդգծվել է չինացի գործընկերների
ներգրավվածությունը Անակլիայի նավահանգստի նախագծի իրականացմանը»։
2024 թվականի մայիսի 29-ին՝ «Գործակալների մասին օրենքի» ընդունումից
հետո, Վրաստանը չինական պետական կոնսորցիումին փոխանցեց
ռազմավարական Անակլիայի խորջրյա նավահանգստի նախագծի բաժնետոմսերի
49%-ը։ Ընտրված ընկերությունը, որը ենթարկվում է ԱՄՆ պատժամիջոցների,
մեղադրվում է աշխարհի մի շարք երկրներում խախտումների մեջ և համարվում
է «վարկային ծուղակ» քաղաքականություն վարող։
Դեկտեմբերի 6-ի հանդիպմանը Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել
Չժոու Քյանին «երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում
ունեցած ներդրման համար»։
Ավելի ուշ՝ 2024 թվականի դեկտեմբերի 20-ին, Չինաստանի դեսպանին
դիմավորեցին «Վրացական երազանքի» կառավարության ներքին գործերի
նախարար Վախթանգ Գոմելաուրին և նրա տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն,
ում նկատմամբ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ էին կիրառել նախորդ
օրը՝ դեկտեմբերի 19-ին Իրակլի Կոբախիձեի հրամանով
Գոմելաուրին նշանակվել է փոխվարչապետ։
Առայժմ, հանրությանը հասանելի տեղեկությունների համաձայն, Միխեիլ
Կավելաշվիլին իր նախագահության կապակցությամբ հրապարակային
շնորհավորանքներ է ստացել վեց երկրներից։ Այդ երկրներն են՝ Չինաստանը,
Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Սերբիան և Թուրքիան։
Չինաստանը և Վրաստանը ռազմավարական գործընկերություն հաստատելու իրենց
որոշման մասին հայտարարեցին 2023 թվականի հուլիսին։ Վարչապետն այն
ժամանակ Իրակլի Ղարիբաշվիլին էր։ Հուլիսի 28-ին Սիչուան նահանգի
Չենդու քաղաքում նա հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, և
նրանք միասին անսպասելիորեն հայտարարել են, որ Վրաստանն ու Չինաստանը
դառնում են ռազմավարական գործընկերներ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան Աղբյուր
՝
radiotavisupleba.ge