Վերջին զանգ, խնջույք. որքա՞ն է արժենում ավարտականը

«Վերջին զանգը» մոտենում է, և Մառնեուլիի շրջանավարտները ակտիվորեն պատրաստվում են այս օրվան։



Նրանց նպատակն է այս օրը դարձնել անմոռանալի, զվարճալի և լի զգացմունքներով։

Շրջանավարտները  շտապում են գնել սև ու սպիտակ համազգեստներ, նվերներ և զարդարանքներ։ Ծրագրերի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Թբիլիսիի ռեստորանում ընթրիքը։ Իհարկե, այս բոլոր մանրամասները կապված են զգալի ծախսերի հետ։

Մառնեուլիի մունիցիպալիտետի Խուլդարա գյուղի հանրակրթական դպրոցի աշակերտ Նիջաթ Բեդիևը այս տարի ավարտում է դպրոցը։ Նրա դասարանից կավարտեն ևս  15 աշակերտ։ Նիջաթն ասում է, որ վերջին զանգը իր համար և՛ ավարտականի խորհրդանիշ է, և՛ նոր կյանքի սկիզբ։

«Դպրոցից հետո ես ուզում եմ բարձրագույն կրթություն ստանալ և պլանավորում եմ դառնալ մաթեմատիկայի ուսուցիչ։ Վերջին զանգը ինձ մոտ և՛ հուզմունք է առաջացնում, և՛ տխրություն։ Կարծում եմ, որ այս միջոցառման համար միջինում անհրաժեշտ է 1000-1500 լարի։ Ինձ համար բավարար են վերնաշապիկ, տաբատ, կոշիկներ և ժամացույց։ Մենք պլանավորել ենք պարեր, բանաստեղծություններ և ներկայացում։ Ուսուցիչների ելույթից հետո մենք կսկսենք պարել և այդպես ավարտենք միջոցառումը։ Այնուհետև կգնանք Թբիլիսիի ռեստորան, իսկ վերջում կկազմակերպենք խնջույք», - ասում է Նիջաթ Բեդիևը։

Շուլավերիի ավագ դպրոցի աշակերտուհի Ռովշանե Գաբիլովան և նրա դասընկերները՝ ընդհանուր առմամբ 9 շրջանավարտ, նույնպես պատրաստվում են «վերջին զանգին»։ Ռովշանեի զգեստը արժեցել է 150 լարի, իսկ սանրվածքն ու դիմահարդարումը՝ 100 լարի։

«Ես պլանավորում եմ բարձրագույն կրթություն ստանալ։ Վերջին զանգը ինձ համար և՛ ուրախություն է, և՛ տխրություն. դժվար է բաժանվել ընկերներից։ Մեկ աշակերտի համար ծախսը մոտ 1500 լարի է։ Մենք կարեցինք զգեստ, գնեցինք վերնաշապիկ, վարձեցինք երաժիշտ, տեսանկարահանող և լուսանկարիչ։ Մենք նաև նվերներ գնեցինք ուսուցիչների համար։ Տեսանկարահանումն արժե մոտ 2000 լարի, ինչը կազմում է 220 լարի մեկ աշակերտի համար։ Միջոցառման ժամանակ մենք կատարելու ենք վրացական պարեր և վալս, ինչպես նաև կպատրաստենք բանաստեղծություններ և երգեր։ Այնուհետև պլանավորում ենք գնալ Մթածմինդա այգի», - մեզ պատմում է Ռովշանեն։

Սադախլոյի թիվ 2 միջնակարգ դպրոցի շրջանավարտ Այտեկին Քարիմովան նույնպես պատրաստվում է ավարտական ​​օրվան։

«Իմ դասարանից 24 աշակերտ այս տարի ավարտում է դպրոցը։ Իմ նպատակն է ընդունվել համալսարան։ Վերջին զանգի և խնջույքի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 1000-2000 լարի։ Միայն հագուստը՝ զգեստ, տաբատ, վերնաշապիկ և կոշիկներ, ինձ կարժենա մինչև 1000 լարի։ Միջոցառումից հետո մենք պլանավորում ենք գնալ Թբիլիսիի ռեստորան», - նշեց Այտեկինը։

Նշենք, որ 2025 թվականին Մառնեուլիի ավագ դպրոցը կավարտի մոտ 1200 աշակերտ, ինչը 15-ով պակաս է նախորդ տարվանից։ 2024 թվականին այդ թիվը կազմել է 1215։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები