Այսօր՝ մայիսի 15-ին, Մառնեուլի է այցելել ենթակառուցվածքների
նախարար Ռևազ Սոխաձեն:
Նախարարը համայնքում ընթացող կոյուղու և ջրամատակարարման նախագիծը
խնդրահարույց է գնահատել և հայտարարել, որ աշխատանքները կշարունակվեն
արագացված ռեժիմով՝ նախագիծն ավարտելու համար: Ենթակառուցվածքների
նախարարությունը կհրապարակի տեղեկատվությունը: «Ռադիո
Մառնեուլի» նախարարի այցի մասին տեղեկատվություն չուներ:
Ռևազ Սոխաձեի խոսքով՝ աշխատանքները զգալիորեն հետաձգվել են, ինչը, նրա
գնահատմամբ, կապված է կապալառու ընկերության անփութության հետ:
Նախարարը նշել է, որ կապալառուին արդեն տրվել է վերջնաժամկետ՝
թերությունները վերացնելու համար, և այսօր կսկսվի կոնկրետ
ժամանակացույցի մշակումը, որի մասին բնակչությունը կստանա լրացուցիչ
տեղեկատվություն:
«
Մառնեուլիի ջրամատակարարման և կոյուղու համակարգի կառուցման
աշխատանքները, ցավոք, խնդրահարույց են։ Դրանք ընթանում են արդեն մի
քանի տարի, և կարծում եմ, որ որոշ չափով դա կապալառուի անփութության
պատճառով է։ Մենք կապալառուին տվել ենք խնդիրը լուծելու կոնկրետ
ժամկետ և ամեն օր կհետևենք դրան։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ
ներողություն խնդրել Մառնեուլիի բնակչությունից պատճառված
անհարմարության համար։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այս նախագիծը
հնարավորինս շուտ ավարտվի», - ասաց Ռևազ Սոխաձեն։
Մառնեուլիում և գյուղերում ջրամատակարարման և կոյուղու նախագիծը
սկսվել է 2019 թվականին։ Նախագծի շրջանակներում փորվել են
ճանապարհներ, մաշվել են ենթակառուցվածքները, վնասվել են հասարակական
տրանսպորտը և մասնավոր մեքենաները։ Սկզբում «Ակելիք Գրուպ»
ընկերությունը պետք է ավարտեր նախագիծը մինչև 2021 թվականի մարտը,
բայց այն չի կարողացել կատարել իր պարտավորությունները, այդ իսկ
պատճառով կասեցվել է 55,940,022 դոլար արժողությամբ նախագիծը։
Ջրամատակարարման ընկերությունը նոր պայմանագիր է կնքել թուրքական և
չինական ընկերությունների հետ։ Աշխատանքներն իրականացնում են
«Չինաստանի գեո-ինժեներական կորպորացիան» (CGC) և «POLAT Yol Yapi
Sanayi ve Ticaret Anonim Sirkei» ընկերությունները։
Ասիական զարգացման բանկի կողմից աջակցվող նախագիծը կարժենա ավելի քան
135 միլիոն լարի։ Դրա շրջանակներում կառուցվում են նոր
ջրամատակարարման ցանց, պոմպակայան, ջրամբարներ, նոր կոյուղու ցանց և
ժամանակակից չափանիշներին համապատասխանող մաքրման կայան։
Նախագծի ավարտից հետո Մառնեուլիի բնակչությունը պետք է ապահովված լինի
24-ժամյա ջրամատակարարմամբ և նոր կոյուղու ենթակառուցվածքներով։
Լուսանկար՝
Ենթակառուցվածքների նախարարություն
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան