Նախարարը թվարկեց խնդիրները, ինքնակառավարումը՝ հաջողությունը. նույն պատմության այլ տեսանկյուն
Մառնեուլիում ջրամատակարարման և կոյուղու համակարգի ստեղծման նախագիծը
շարունակվում է արդեն յոթերորդ տարին և դեռևս անավարտ է։
Մայիսի 15-ին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և
ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն այցելեց Մառնեուլիի
մունիցիպալիտետ և բարձրաձայն խոստովանեց, որ նախագիծը խնդրահարույց է
և տարիներ շարունակ հետաձգվել է։ Բացի այդ, նախարարը հրապարակայնորեն
ներողություն խնդրեց տեղի բնակչությունից։
«Մեկ անգամ ևս ուզում եմ ներողություն խնդրել Մառնեուլիի
բնակչությունից պատճառված անհարմարության համար։ Մենք կանենք ամեն
ինչ, որպեսզի այս նախագիծը հնարավորինս շուտ ավարտվի», -
ասաց նա։
Սակայն նույն այցի ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների
ներկայացուցիչները չքննարկեցին այն խնդիրները, որոնց վրա նախարարը
հրապարակայնորեն ուշադրություն էր հրավիրել իրենց կայքերում
հրապարակված հայտարարություններում։ Մառնեուլիի քաղաքապետի,
քաղաքապետարանի, քաղաքային խորհրդի և պատգամավոր Զաուր Դարգալիի
սոցիալական ցանցերի գրառումներում միայն նշվում է ենթակառուցվածքային
օբյեկտների այցելությունների և «համատեղ ջանքերով իրականացվող
խոշորածավալ նախագծերի» մասին՝ առանց ներողություն խնդրելու կամ
պատասխանատվություն կրելու։
Մառնեուլիի քաղաքապետարանը ավելի ուշ ենթակառուցվածքների էջից տարածեց
խնդիրների ճանաչման և ներողության տեսանյութ։
Սակայն իրենց գրառման մեջ նրանք ոչինչ չեն ասել ջրամատակարարման և
կոյուղու ձգձգված նախագծի մասին, որը տեղացիների համար ամենօրյա
անհարմարության պատճառ է։
Պատգամավոր Զաուր Դարգալիի գրառումը երկու բառով շեշտում է. «կան
ուշացումներ», բայց ոչ մի տեղ չկա հստակ ուղերձ երկարաձգված
ժամկետների կամ տարիներ շարունակվող աշխատանքի արդյունքների
մասին։
Տպավորություն է ստեղծվում, որ տեղական ինքնակառավարման մարմինների
ներկայացուցիչների ամեն օր բախվող խնդիրը առաջին հայացքից նկատելի է
կենտրոնական կառավարության ներկայացուցչի համար, և նա չի վարանում
նշել այն, մինչդեռ տեղական ղեկավարները փորձում են թաքցնել այն։
Ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ ջրամատակարարման և կոյուղու
աշխատանքները զգալիորեն ուշանում են, ինչը, նրա կարծիքով,
պայմանավորված է կապալառու ընկերության անփութությամբ։
Նախարարը նշեց, որ կապալառուին արդեն տրվել է վերջնաժամկետ՝
թերությունները վերացնելու համար, և կմշակվի կոնկրետ ժամանակացույց,
որի մասին բնակչությունը կստանա լրացուցիչ տեղեկատվություն։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան