Մառնեուլիի 81 ընտրական տեղամասերից 41-ում ընտրությունները կանցկացվեն էլեկտրոնային եղանակով
2024 թվականին Վրաստանի ողջ տարածքում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոր ձևաչափով՝ էլեկտրոնային եղանակով, տեղամասերի մեծ մասում։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն որոշել է այն տեղամասերի թիվը, որտեղ ընտրությունները կանցկացվեն էլեկտրոնային եղանակով։

Քվեմո Քարթլիում ամենամեծ թվով ընտրական տեղամասերը գտնվում են Մառնեուլիի մունիցիպալիտետում։ Մառնեուլիում կգործի 81, Ռուսթավիում՝ 57, Գարդաբանիում՝ 53, Բոլնիսիում՝ 52, Դմանիսում՝ 50, Ծալկայում՝ 39, Թեթրիծկարոյում կբացվի 40 տեղամաս։

Մառնեուլիում բացված 81 ընտրական տեղամասերից 41-ում ընտրություններն անցկացվելու  են նոր ձևաչափով՝ էլեկտրոնային եղանակով։ Իսկ 40 տեղամասերում ընտրական գործընթացը դեռ կանցնի հին կարգով։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Ընտրությունները կանցկացվեն լրիվ համամասնական սկզբունքով և 5 տոկոսի շեմի պայմաններում, ինչը նշանակում է, որ այս տարի մեծամասնական թեկնածուներն այլևս չեն գրանցվի ընտրություններին, և կուսակցությունները մանդատներ ստանալու հնարավորություն կունենան միայն  ընտրություններին եկած ընտրողների ձայների առնվազն 5%-ը ստանալու դեպքում։

Իր հերթին նորընտիր խորհրդարանը Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ կընտրի նախագահին։ Սալոմե Զուրաբիշվիլին կլինի Վրաստանի 5-րդ և վերջին ուղղակիորեն ընտրված նախագահը։ Ընտրողները նախագահին կընտրեն նոր խորհրդարանի առաջին նիստից հետո 45 օրվա ընթացքում։  300 ընտրողների թվում կլինեն Վրաստանի խորհրդարանի և Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունների բարձրագույն ներկայացուցչական մարմինների բոլոր անդամները։ Ինչպես նաև ԿԸՀ-ի կողմից սահմանված քվոտաների համաձայն՝ տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինների, քաղաքային խորհուրդների ներկայացուցիչներ, համապատասխան քաղաքական կուսակցության ներկայացուցիչներ։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები