Միասնական ազգային քննություններին պատրաստվելու համար երիտասարդները
հաճախ ստիպված են լինում պարապել լրացուցիչ կրկնուսույցների հետ։
Նրանցից շատերը վերապատրաստվում են մի քանի առարկաներից, ոմանք պետք է
գնան այլ գյուղ կամ համայնքային կենտրոն, ինչը լրացուցիչ ծախսեր ու
ֆինանսական խնդիրներ է ստեղծում նրանց համար։ Սեւգի Նասիբովան
պատրաստվում է հանձնել միասնական ազգային քննությունները, նա
Սադախլո գյուղից է, ասում է, որ պարապում է երեք տարի։
«3 տարի է, ինչ գնում եմ
պարապմունքների։ Դասերը կրկնուսույցների հետ տևում են առնվազն 2 ժամ։
Ամենաշատը պատրաստվելու կարիք կա 12-րդ դասարանում: Քննությունը
հանձնում ենք երկու առարկայից՝ մաթեմատիկա և ընդհանուր
հմտություներ ։ Բայց հմտությունները դպրոցում չեն սովորեցնում։ Քանի
որ 12-րդ դասարան այլեւս ոչ ոք չի գնում, ուսուցիչներն արդեն լավ չեն
դասավանդում։ Այսպիսով, ես նույնպես պատրաստվում եմ մաթեմատիկայի:
Մաթեմատիկայի համար ամսական վճարում եմ 50 լարի, հմտությունների
համար՝ 80 լարի։
Անցած տարի ես պարապմունքների
համար հաճախում էի շրջան։ Դասերը վերջանում էին ժամը 6-ին, ու
ես կես ժամ շուտ պետք է դուր գայի»,- պատմում է Սեւգի
Նասիբովան։
Ի տարբերություն Սեւգիի, մառնեուլցի Այտեն Գարագաշեւան այս տարի
քննություններ չի հանձնում, սակայն կրկնուսույցների հետ
պարապում է արդեն 7 ամիս։
«Պարապմունքների ժամանակ ամեն
ինչ ավելի պարզ եմ հասկանում, քան դպրոցում։ Քանի որ դեռ 11-րդ
դասարանում եմ, պատրաստվում եմ մաթեմատիկայի, հաջորդ տարի կսկսեմ
պատրաստվել նաեւ հմտություններին։ Մաթեմատիկայի համար ամսական վճարում
եմ 70 լարի։ Եթե 12-րդ դասարանում համալսարանի համար միայն
նախապատրաստական պարապմունքներ լինեին, ես լրացուցիչ
կրկնուսույցներով չէի պատրաստվի»,- ասաց Այտան
Գարագաշեւան։
Մեկ այլ դիմորդ՝ Այսուն Բուդագովան ասում է, որ կրկնուսույցների հետ
սկսել է պարապել 2 տարի առաջ։
«2 տարի է, ինչ գնում եմ
պարապմունքների։ 2 տարվա ընթացքում կրկնուսույցների հետ ծախսել եմ
միջինը 1500 լարի։ Կարծում եմ՝ մեր միջնակարգ կրթությունը ցածր
մակարդակի վրա է։ Հետեւաբար, մենք պետք է գնանք կրկնուսույցների մոտ:
Այն, ինչ մենք հիմա սովորում ենք, ավագ դպրոցի իրեր են, բայց սովորում
ենք հիմա: Եթե կրթական մակարդակը բարձր լիներ, լրացուցիչ դասերի
կարիք չէինք ունենա։ Պատրաստվում եմ քննությանը, քանի որ կլինեն
հարցեր տրամաբանությունից և մաթեմատիկայից։ Մաթեմատիկայի համար
ամսական վճարում եմ 70 լարի, տրամաբանության համար՝ 80
լարի»,- ասում է Այսուն Բուդագովան։
Ուսանողուհի Այսուն Բեդիեւան նշում է, որ պատրաստվում է երկու
առարկայի։
«Պատրաստվում եմ քննությանը 2 առարկայից։ Ես
գնում եմ տրամաբանության և մաթեմատիկայի պարապմունքների։ Ամեն ամիս
150 լարիից ավելի եմ վճարում վերապատրաստման համար, քանի որ մեր
գյուղում ուսուցիչ չկա, պետք է գնամ հարեւան գյուղ»,- ասում
է Այսուն Բեդիեւան։
Ըստ մեր զրուցակից դիմորդների՝ համալսարանին պատրաստվելը և կրթություն
ստանալը կապված են բազմաթիվ դժվարությունների հետ, և ընտանիքները, շատ
դեպքերում, լրացուցիչ միջոցներ մոբիլիզացնելու կարիք ունեն։
Նշենք, որ «1+4» ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին, և ազգային
փոքրամասնությունների ներկայացուցիչներին նշված ծրագրի շրջանակներում
հնարավորություն է տրվել ուսումը շարունակել Վրաստանի բարձրագույն
ուսումնական հաստատություններում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան