Մառնեուլիի քաղաքապետարանի հարակից տարածքի վերանորոգման համար հատկացվել է 720 702 լարի

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը նախատեսում է ծախսել 720 702 լարի քաղաքապետարանի շրջակա տարածքի վերականգնման/բարեկարգման համար։



Մառնեուլիի քաղաքապետարանը հարակից տարածքի վերականգնման համար մրցույթ է հայտարարել մարտի 18-ին։ Քաղաքապետարանի բակերի բարեկարգման ծրագրի համաձայն՝ նախատեսվում է ստեղծել հանգստի համար կանաչ տարածքներ, տեղադրել նստարաններ, տեղադրել աղբամաններ և տեղադրել դեկորատիվ լապտերներ արտաքին լուսավորության համար։

Քաղաքապետարանի հարևանությամբ կկազմակերպվի երկու ավտոկայանատեղի։ Քաղաքապետարանի ձախ կողմում գտնվող ավտոկայանատեղին նախատեսված է քաղաքապետարանի հյուրերի համար, իսկ հետևի ավտոկայանատեղին ՝ անձնակազմի համար:

«Կանաչապատման նախագիծը ներառում է՝ գործող եզրաքարերի ապամոնտաժում, խճապատում, ասֆալտապատում, աստիճանների բազալտե և գրանիտե արահետներով ու եզրաքարերով նոր ուղիների ձևավորում, նոր ասֆալտի կազմակերպում, տարածքի բարեկարգում՝ բազմամյա ծառերով և բույսերով»,- նշված է նախագծի փաստաթղերում։

Շրջակա տարածքի բարեկարգմանը զուգընթաց նախատեսվում է բարեկարգել քաղաքապետարանի շենքի ճակատային հատվածը։

Մառնեուլիի քաղաքապետարանի հարակից տարածքի կազմակերպման մրցույթին մասնակցող ընկերությունները մրցութային փաստաթղթերը կարող են ներկայացնել ապրիլի 6-ից 11-ը։ Մրցույթում հաղթած ընկերությունը պետք է աշխատանքները ավարտի պայմանագիրը կնքելուց հետո 120 օրացուցային օրվա ընթացքում։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google