Չանախչիի դպրոցի շինարարւոթյունը դադարեցվել է․ երեխաները կշարունակեն սովորել վագոններում
2019 թվականին Մառնեուլիի մունիցիպալիտետի Չանախչի գյուղի աշակերտներին խոստացել են, որ շուտով նրանց հին դպրոցը, հին հատակը, պոկված պաստառներն ու հին գրասեղանները կփոխարինվեն նոր, լավ կահավորված ուսումնական հաստատությամբ։


8 դասասենյակ, դասասենյակ-լաբորատորիա, ուսուցչանոց, տնօրենի սենյակ, գրադարան, համակարգչային դասի ընդհանուր տարածք, բուֆետ, արհեստական մակերեսով բաց սպորտային դաշտ, նախասրահ՝ զգեստապահարանով, միջանցք․ սա այն ենթակառուցվածքների թերի ցանկն է, որոնց համար պետբյուջեից հատկացվել է 1 279 750 լարի, իսկ Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամը 2019 թվականի օգոստոսի 2-ին մրցույթ է հայտարարել աշխատանքների համար։

Աշխատանքների ավարտի վերջնաժամկետ է սահմանվել պայմանագրի կնքումից 160 օրացուցային օր։ Շուրջ երեք տարի է, ինչ դպրոցը կառուցվում է, սակայն աշխատանքները դեռ կիսատ են, և նոր՝ 2022-2023 ուսումնական տարում աշակերտները կրկին կհաճախեն վագոններ։ Ոչ դպրոցի տնօրենը, ոչ էլ տեղի ռեսուրս կենտրոնի ղեկավարի պաշտոնակատարը չգիտեն աշխատանքի դադարեցման ստույգ պատճառը։ Ինչպես մեզ հետ զրույցում նշում է Չանախչիի հանրակրթական դպրոցի տնօրեն Մանանա Մանուկյանը, նոր մասնաշենքի շինարարությունը ամիսներ շարունակ դադարեցվել է։




«Շինանյութը թանկացել է, սա է խնդիրը, դա է մեզ ասել ծրագրի ղեկավարը, գումարը պետք է ավելացնենք, ժամանակավոր նորից կլինենք վագոններում, շենքը գրեթե ավարտված է, տանիք չունի , բայց պատերը կան, դպրոցի շինարարությունը 2 տարի է ընթանում, նոյեմբերին շինարարությունն ամբողջությամբ դադարեցվել է»,- ասում է Մանանա Մանուկյանը։

Մառնեուլիի ռեսուրսային կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Ալի Գախրամանովը Մանանա Մանուկյանից տարբերվող պատասխան ունենալով ասում, որ իր տեղեկություններով՝ դպրոցի կառուցումը տեղավորվում է բոլոր տեսակի ժամկետների մեջ։

«Չգիտեմ՝ ինչ ժամկետների մասին է խոսքը, բայց մենք պայմանագրային ժամկետ ունենք, - նման պատասխան ստացանք»

Տեղական մակարդակով անհասկանալի պատասխաններից հետո մենք զանգահարեցինք Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամ՝ տեղեկությունը ճշտելու համար։ Նրանց պատասխանը չի համապատասխանում դպրոցի տնօրենի կամ ռեսուրս կենտրոնի ղեկավարի հայտարարությանը։ Ըստ հիմնադրամի՝ դպրոցի շինարարական աշխատանքների դադարեցումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կապալառուն չի կատարել մրցույթով իր պարտավորությունները, և պայմանագիրը խզվել է։ Մունիցիպալ զարգացման հիմնադրամը առաջիկայում կհայտարարի Չանախչիի հանրակրթական դպրոցի շենքի ավարտի նոր մրցույթ։

«Կապալառուի հետ պայմանագիրը խզվել է, նա չի կատարել պայմանագրով պարտավորված աշխատանքները, հիմա վերահաշվարկն է գնում, առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի»

Չանախչիի դպրոցի շինարարության ավարտի ժամկետը դեռ հայտնի չէ։ 2022-2023 ուսումնական տարում ուսումնական հաստատությունը կշարունակի ուսումնական գործընթացը 20 աշակերտով։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google