Վրաստանում Նիդեռլանդների դեսպան Մելինե Առաքելյանը այցով գտնվում էր Մառնեուլիում

Այսօր՝ մարտի 4-ին, Մառնեուլի է այցելել Վրաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մելինե Առաքելյանը։ Նիդեռլանդների դեսպանը Մառնեուլի կատարած այցի ընթացքում այցելել է նաև «Ռադիո Մառնեուլի»։



Մելինե Առաքելյանը  մեզ հետ զրույցում խոսեց բազմազգության, տեղական ինքնակառավարման գործընթացում համայնքների ներգրավվածության կարևորության և Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի ուղու մասին:

«Իմ համար մեծ պատիվ է այցելել Մառնեուլի։ Որպես Վրաստանում Նիդեռլանդների դեսպան՝ ես փորձում եմ այցելել Վրաստանի տարբեր շրջաններ, քանի որ Վրաստանը շատ բազմազան երկիր է։ Յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր բնավորությունը, իր ավանդույթները, և ես շատ շահագրգռված եմ բացահայտել այս բազմազանությունը Վրաստանում: Նաև, իհարկե, ես գիտեմ, որ Մառնեուլին՝ Քվեմո Քարթլին, շատ բազմազան տարածաշրջան է, և իրականում սա այն բաներից է, որով Վրաստանը շատ հայտնի է: Քանի որ տարբեր էթնիկ խմբերը միասին են ապրել դարեր շարունակ ներդաշնակորեն: Կարծում եմ՝ սա լավ օրինակ է ողջ աշխարհի համար՝ իմանալու այդ մասին։ Բայց ես պատկերացնում եմ, որ տարբեր էթնիկ խմբեր կարող են օգնել միմյանց ավելի լավ ճանաչելու, միջմշակութային հարաբերություններ ունենալու համար։ Մեր դեսպանատունն այստեղ՝ Մառնեուլիում, աշխատում է կազմակերպությունների հետ, և մեր կողմից աջակցվող ծրագրերի մեծ մասն ուղղված է էթնիկ փոքրամասնությունների երիտասարդության միջև բազմազգ հարաբերությունների, փոխըմբռնման և քաղաքացիական ներգրավվածության բարձրացմանը: Սա մեր համեստ մասնակցությունն է Մառնեուլիում, բայց ինչպես արդեն նշեցի, այն, ինչ դուք ունեք Մառնեուլիում, արդեն լավ օրինակ է, թե ինչպես են ապրում տարբեր ազգությունների մարդիկ միասին»: - ասել է Նիդերլանդների դեսպանը։

Նիդեռլանդների դեսպանատունն աջակցում է մի քանի նախագծերի Մառնեուլիում"։  Դեսպանի խոսքով, նախագծերը հիմնականում ուղղված են Մառնեուլիի տեղական ինքնակառավարման աշխատանքներին երիտասարդների ներգրավվածության մեծացմանը և տարածաշրջանում բազմազգ հարաբերությունների խթանմանը:

«Ես կարող եմ ձեզ մի քանի օրինակ բերել այն նախագծերից, որոնք մենք աջակցում ենք Մառնեուլիում։ Ծրագրերից մեկն իրականացվում է «Նոր մտածողության ինստիտուտի» կողմից՝ «Կովկասի տան» հետ համագործակցությամբ, և նրանք անում են այն, որ Մառնեուլիում, Մառնեուլի գյուղերում դասընթացներ են անցկացնում Մառնեուլիում ապրող երիտասարդների համար, թե ինչպես պետք է դառնալ ակտիվ քաղաքացիներ իրենց համայնքում: Ի՞նչ կարող են անել նրանք իրենց համայնքում առկա խնդիրները լուծելու համար։ Օրինակ՝ թրեյնինգներին երիտասարդներին բացատրում են՝ ինչպես գրել նախագծեր, ինչպես մասնակցել տեղական ինքնակառավարման աշխատանքներին, իսկ այսօր Մառնեուլիում հանդիպում է լինելու, որին ես նույնպես մասնակցելու եմ, սա օրինակներից մեկն է։ Մեր դեսպանատան աջակցությամբ իրականացվող երկրորդ նախագիծն ավելի մշակութային ծրագիր է, դա տիկնիկային թատրոն է ներկայացմամբ, որը ցույց է տալիս, թե ինչպես են տարբեր ազգությունների մարդիկ միասին ապրում մեկ գյուղում: Մշակույթի միջոցով երբեմն կարող ես շատ հզոր պատմություններ ցույց տալ։ Բացի այդ, Մառնեուլիում բազմաթիվ նախաձեռնություններ կան, որոնք աջակցում են բազմազգ հարաբերություններին, այդ նախաձեռնություններից մեկն իրականացնում է պարոն Արամ Ակոբյանը, ով Մառնեուլիում հիմնել է ֆուտբոլի բազմազգ թիմ: Թիմում կան տարբեր ազգությունների երեխաներ, ովքեր խաղում են միասին և այս կերպ ավելի լավ են ճանաչում միմյանց և կարծում եմ, որ սա շատ լավ նախաձեռնություն է։ Մեր դեսպանատունն ունի Մարդու իրավունքների Կակաչ մրցանակը, որը մենք ամեն տարի տալիս ենք մարդու իրավունքների ոլորտում աշխատող ակտիվ քաղաքացիներին, և Արամ Ակոբյանը այս մրցանակի եզրափակիչ փուլի մասնակիցներից էր»:

Դեսպանի խոսքով, կարևոր է, որ տեղական ինքնակառավարումը և քաղաքացիները ակտիվ շփում ունենան՝ տեղացիների առաջ ծառացած խնդիրներին լավագույն լուծումներ գտնելու համար։ Նա նշում է, որ արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ են ակտիվ քաղաքացիները և տեղական ինքնակառավարումը, որը կլսի քաղաքացիների կարիքներն ու մտահոգությունները։

«Տեղական ինքնակառավարումը մեծ դեր է խաղում ամենուր, այդ թվում՝ իմ երկրում՝ Նիդեռլանդներում։ ՏԻՄ-ն ավելի մոտ է ժողովրդին, քան կենտրոնականը, ուստի ՏԻՄ-ն ավելի լավ գիտի, թե ինչ խնդիրներ կան տեղում և ինչն է հուզում քաղաքացիներին։ Կարծում եմ, որ տեղական ինքնակառավարման դերը շատ կարևոր է, միևնույն ժամանակ կարևոր է, որ քաղաքացիները իմանան, թե ինչպես ներգրավվել տեղական ինքնակառավարման գործունեությանը, ինչպես շփվել իրենց հուզող խնդիրների մասին և ինչպես Լավ, կառուցողական երկխոսության մեջ մտնել տեղական իշխանությունների հետ, քանի որ մի կողմից անհրաժեշտ են ակտիվ քաղաքացիներ, մյուս կողմից՝ տեղական իշխանություն, որը լսում է իր քաղաքացիների մտահոգությունները։ Կարծում եմ, որ կառավարման այս մակարդակը շատ կարևոր է, և այդ պատճառով մարզեր այցելելիս միշտ հանդիպում եմ այս մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին։ Այսօր էլ կհանդիպեմ Մառնեուլիի քաղաքապետի հետ, քանի որ շատ հետաքրքրված եմ նրանից լսել այս շրջանի ու համայնքի մասին»։

Նիդեռլանդների Թագավորությունը ԵՄ անդամ 27 երկրներից մեկն է, որը Վրաստանին շնորհել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Դեսպանի խոսքով՝ թեկնածուի կարգավիճակ ստանալը կարևոր և պատմական որոշում էր։ Անդամակցությունից հետո հաջորդ քայլին անցնելու համար Վրաստանը, ինչպես կառավարությունը, այնպես էլ քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները, պետք է աշխատեն կատարել Եվրամիության կողմից հաստատված 9 առաջարկությունները։

«Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշումը շատ կարևոր և պատմական որոշում էր։ Նաև շատ զգացմունքային էր: Ինձ համար՝ որպես դեսպանի, շատ զգացմունքային էր տեսնել վրաց ժողովրդի արձագանքը, թե որքան կարևոր էր այս փաստը նրանց համար։ Իհարկե, մեր երկիրն այն 27 երկրներից մեկն էր, որոնք որոշեցին Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալ։ Նիդերլանդները աջակցում է Վրաստանի՝ Եվրամիության անդամ դառնալու հայտին։ Մենք կարծում ենք, որ Վրաստանի տեղը Եվրամիությունում է։ Իհարկե, Եվրամիությանն անդամակցելը գործընթաց է, և թե որքան արագ կանցնի այդ գործընթացը, կախված է նաև Վրաստանից, քանի որ նա պետք է բարեփոխումներ իրականացնի ԵՄ անդամակցությանը նախապատրաստվելու համար։ Այս փուլում ԵՄ-ն մշակել է 9 քայլ, որոնք պետք է ձեռնարկի երկիրը՝ նախքան գործընթացը հաջորդ փուլ անցնելը, որն է՝ անդամակցության բանակցությունների մեկնարկը։ Շատ կարեւոր է, որ այս 9 քայլերն իրականացվեն, դա ոչ միայն կառավարության գործն է, այլեւ հասարակության բոլոր շահագրգիռ կողմերը պետք է նպաստեն։ Իհարկե, Վրաստանը միայնակ չէ այս ճանապարհին, և Նիդեռլանդները, ինչպես ԵՄ անդամ մյուս երկրները, օգնում են ձեզ այդ քայլերն իրականացնելու հարցում»: - ասել է Նիդեռլանդների դեսպանը

Նիդերլանդների դեսպանը Մառնեուլի կատարած այցի ընթացքում ներկա է գտնվել «Նոր մտքի ինստիտուտի» կազմակերպած միջոցառմանը և հանդիպում ունեցել Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google