Նոր քորոնավիրուսը վերածվում է համաճարակի
Չինաստանում վիրուսաբաններն ասում են, թե նոր քորոնավիրուսը, որն արդեն ութ տասնյակից ավելի մարդկանց կյանք է խլել, կարող է մոտ ժամանակներս մարդուց մարդ անցնելու ունակություն ձեռք բերել: Սա նշանակում է համաշխարհային համաճարակի սկիզբ, քանի որ արագ տարածվում է նաեւ այլ երկրներում:

Ֆրանսիայում բժշկական անձնակազմեր են բերել Շառլ դե Գոլի անվան օդանավակայան, քանի որ այս օդակայանն է Ֆրանսիան ուղիղ թռիչքներով կապում Չինաստանի հետ:

Ինչպես չինացի ակադեմիկոս Լի Լանջուանն է ասում, Չինաստանի Վուհան քաղաքից դեպի երկրի այլ հատվածներ է տարածվել վիրուսը եւ այտեղ դարձել այս տիպի հիվանդությունների երկրորդ սերունդը: Դա, ակադեմիկոսի խոսքերով, շատ վտանգավոր է:

Կա մտավախություն, որ այս վիրուսով վարակված անձանց թիվը շատ ավելի մեծ է, քան այն գրանցված է պաշտոնապես: Խնդիրն այն է, որ վիրուսն այլոց վարակում է, մինչեւ տվյալ մարդու մոտ հայտնաբերվելը:

Չինաստանի առողջապահության նախարարության աշխատակից Լի Բինն ասում է, որ սա հիվանդության մի նոր տեսակ է եւ բժիշկների գիտելիքներն այս բնագավառում շատ սահմանափակ են: ‘’Հստակ գիտելիքներ չկան հիվանդության զարգացման մասին եւ համաճարակից խուսափելու ուղիները դեռես հայտնի չեն’’, ասում է նա:
Չինաստանի կառավարությունը կարանտինի տակ է վերցրել Վուհան քաղաքի ու նրա շրջակա բնակավայրերում բնակվող 50 միլիոն բնակիչների: Այստեղ կառավարությունը չափազանց մեծ արագությամբ` վեց օրում կառուցում է 1000 մահճակալ ունեցող մի հիվանդանոց, միայն այս վիրուսը կրող մարդկանց օգնություն ցուցաբերելու համար:

Միացյալ Նահանգներում քորոնավիրուս է հայտնաբերվել հինգ անձանց մոտ: Ավելի քան 100 մարդ, որոշ կասկածների պատճառով, ենթարկվում է ստուգումների:

Հիվանդութան ինկուբացիոն շրջանը կարող է տեւել մինչեւ երկու շաբաթ: Դրանից հետո էլ որոշ ժամանակ է հարկավոր պարզելու համար, թե տվյալ հիվանդն ինչ վիրուս է կրում` սովորական գրիպի, թե նոր քորոնավիրուսի:



https://www.amerikayidzayn.com/
Print E-mail
FaceBook Twitter Google